երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզի Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում նոր արտադրամասեր են բացվել

Շիրակի մարզի Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում նոր արտադրամասեր են բացվել

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում այսօր տեղի են ունեցել նոր արտադրամասերի պաշտոնական բացման արարողությունները, հայտնու են Շիրակի մարզպետարանից: 

՛՛Միջոցառումներին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Արտադրական տարածքներն արդիականացվել են նոր, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներով և գործում են կանաչ ստանդարտների համաձայն` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։

Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն իրականացվում է համատեղ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

Նշենք, որ Ղարիբջանյանում բացված արտադրամասը՝ «Սաննի Ֆուդը», հիմնովին վերանորոգված հետբերքահավաքի պահածոների գործարան է։ Այն ընտանեկան բիզնես է, որի նպատակը որակյալ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ պահածոների արտադրությունն է։

Իսկ Առափիում բացվել է «Հարմոնի Ֆարմ» դեղաբույսերի աճեցման ցուցադրական կենտրոն, այն զբաղվում է բարձրորակ խոտաբույսերի, համեմունքների և լոբազգիների մշակությամբ և մշակմամբ, ինչպես նաև սերմնաբուծությամբ։

Կենտրոնի նպատակն է նպաստել Շիրակի մարզում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը՝ ոլորտում զբաղվողներին ցույց տալով կանաչ գյուղատնտեսության առավելությունները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: