չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Շիրակի մարզպետի աշխատակազմի և «ՀԷՑ»-ի «Ղարս» մասնաճյուղի մասնագետների ներգրավմամբ աշխատանքային խումբ կստեղծվի

Շիրակի մարզպետի աշխատակազմի և «ՀԷՑ»-ի «Ղարս» մասնաճյուղի մասնագետների ներգրավմամբ աշխատանքային խումբ կստեղծվի

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանին։

Ինչպես հայտնում է մարզպետի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին առնչվող հարցերը, որոնք կապված են «ՀԷՑ»-ի աշխատանքների հետ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի նշանակման օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրներին արագ լուծումներ տալու և աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։

«Գյումրիում այսօր իրականացվում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ և դրանց արդյունավետ ընթացքի ապահովման համար կարևոր է բոլոր պատասխանատու կառույցների սերտ համագործակցությունը։ Վարչապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, առաջիկայում մեկնարկելու են նաև նորերը։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պետք է լինի արդեն առկա խնդիրների հնարավորինս արագ լուծումը, իսկ նոր ծրագրերի մեկնարկից առաջ՝ անհրաժեշտ աշխատանքների ճիշտ և ժամանակին համակարգումը, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան։ Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք հնարավորինս խուսափել թերացումներից և ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է «ՀԷՑ»-ի և մարզպետի աշխատակազմի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը՝ շինարարական աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու նպատակով։

Առկա խնդիրների արագ վերացման և հետագա աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և «ՀԷՑ»-ի աշխատակիցների ներգրավմամբ։

  • Կիսվել: