Հայ գերիների հարցը պետք է լինի նրանց քաղաքացիության երկրի ԱԽ քարտուղարի այցի օրակարգի առաջնային հարցերից մեկը. Սիրանուշ Սահակյան
Շուտով արդեն կլինի մեկ տարի, ինչ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները վերջին անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին: Այս ընթացքում նրանց կրկին տեսակցելու ԿԽՄԿ-ի ջանքերն արդյունք չեն տվել:
Ըստ էության չիրագործվեց նաև Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից իրավապաշտպան կանանց միջազգային մարդասիրական այց Բաքու կազմակերպելու նախաձեռնությունը: Ինչպես վերջին հայտարարությունում նշել էր տիկին Զոնաբենդը, ադրբեջանական կողմից նա պաշտոնական որևէ արձագանք չի ստացել, բացի մամուլում առկա սպառնալիքներից, ինչպես նաև անպատասխան են մնացել նրա գրավոր նամակները ՀՀ կառավարությանը:
Տեսնելով, որ մարդասիրական այցը չի կայանում, տիկին Զոնաբենդի կոչով աշխարհի տարբեր երկրներից Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1- ին փոխանցեց ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել դրանք իրենց հասցեատերերին հանձնելուն:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Անվտանգության քարտուղար Ալեն Սիմոնյանը պատրաստվում է մեկնել Ադրբեջան: Նա նշել էր նաև, որ «Դուբլինում քննարկել ենք գերիների հարցը, ինչպես նաև հետագա հանդիպումների օրակարգը», սակայն չէր հստակեցրել՝ արդյոք այցի օրակարգում գերիների հարցը լինելու է, թե ոչ:
NEWS.am-ը թեմայի վերաբերյալ հարցում է ուղարկել ԱԽ քարտուղարի գրասենյակ, իսկ մինչ այդ զրուցել ենք իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:
Տիկին Սահակյան, սկսենք վերջից: Անցած շաբաթ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դեկտեմբերին նախատեսվում է պատասխան այց Ադրբեջան: Նա նշել էր, որ այցը նախատեսվում է «Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք», չէր հստակեցրել նաև, թե արդյոք գերիների հարցը լինելու է այցի օրակարգում: Արդյո՞ք սա լավ առիթ չէ՝ մարդասիրական խնդիրները բարձրացնելու, նաև միգուցե հնարավորություն՝ հայ գերիներին հասցեագրված նամակները հասցնելու նրանց, քանի որ Հայաստանի փոստային ծառայությունները Ադրբեջան առաքում չեմ իրականացնում:
Կարծում եմ, Բաքվում պահվող հայ գերիների հարցը պետք է լինի նրանց քաղաքացիության երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցի օրակարգի առաջնայինհարցերից մեկը: Միգուցե և արդեն իսկ ընդգրկված է՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ հավատում, որ կարող է ընդգրկված չլինել՝ հաշվի առնելովիշխանությունների պարբերաբար արվող հայտարարությունները, թե հարցն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին կարողացել են այցելել գրեթե մեկ տարի առաջ, և գրեթե մեկ տարի է, ինչ չկա անկախ տեղեկատվության գերիների իրական վիճակի մասին:
Ինչ վերաբերում է նամակներին, այո, կարծում եմ, այս այցի շրջանակում դրանք կարող են փոխանցվել եթե ոչ անմիջապես գերիներին, ինչն իհարկե, ցանկալի է, ապա գոնե ադրբեջանցի գործընկերների միջոցով կազմակերպել դրանց փոխանցումը: Սա զուտ մարդասիրական խնդիր է:
Տիկին Սահակյան, փաստորեն, Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ տիկին Զոնաբենդի մարդասիրական նախաձեռնությունն էլ չկայացավ, քանի որ նրա վերջին հայտարարությունից պարզ դարձավ, որ որևէ պաշտոնական պատասխան իր դիմումներինադրբեջանական կողմից չի ստացել, բացի լրատվամիջոցներում առկա սպառնալիքներից, իսկ ՀՀ կառավարությունից էլ չեն պատասխանել նրա և Ձեր գրավոր հարցումներին: Ի դեպ, գրավոր հարցումներիառումով, կա՞ն պատասխաններ:
Պետք է նշեմ, որ որևէ գրավոր պատասխան չենք ստացել, թեև օրենքով նախատեսված ժամկետները վաղուց սպառվել են: Այս մոտեցումը, անկեղծ ասած, չի տեղավորվում այն հրապարակային հավաստիացումներիկոնտեքստում, թե իրենք հնարավոր ամեն ինչ անում են գերիների համար: Ափսոսանքով պիտի արձանագրեմ, որ սա նաև ցույց է տալիս նրանց վերաբերմունքը գերիների ընտանիքներինկատմամբ:
Տիկին Սահակյան, գերիների հարցում վերջերս որոշ փոփոխություն նկատվեց նաև նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններում: Նա անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե «Գերիների հարցը նախապայման դարձնելը կհեռացնի մեզ խաղաղությունից»՝ ըստ էության նշելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն «մյուս հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Այսինքն, ստացվում է, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության համաձայնագիրը, որի ապագան բավականին մշուշոտ է, մարդասիրական հարցերը չեն կարող լուծվել:
Միջազգային իրավունքի ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ մարդասիրական հարցերի լուծումն առաջնային է, քանի որ մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Հետևաբար, ինձ համար, որպես իրավապաշտպանի, այս մոտեցումը անթույլատրելի է: Տևական խաղաղությունը պահանջում է վստահության վերականգնում, իսկ գերիների ազատ արձակումն ու մարդասիրական մյուս հարցերի լուծումն այն կոնկրետ քայլերից են, որոնց միջոցով կողմերը կարող են աստիճանաբար վերականգնել և ամրապնդել այդ վստահությունը։
Միջազգային փորձն էլէ ցույց տալիս, որ նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել գերիների վերադարձի շուրջ։ 2025 թվականի մայիսին, երբ մարտերը դեռ շարունակվում էին, Ռուսաստանն ու Ուկրաինան կատարեցին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունը․ երեք օրվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրն ազատ արձակեց հազար մարդու։ Եմենում ևս, երբ հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարը դեռ անորոշ էր, կողմերը ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի աջակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որի շնորհիվ 2023 թվականի ապրիլին ընդամենը երեք օրում 869 մարդ ազատ արձակվեց։ Մենք ունենք նաև մեր սեփական փորձը։ 1992–1999 թվականներին ԿԽՄԿ-ն աջակցել է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ պահվող 365 անձի հայրենադարձությանը և շուրջ 30 հազար ուղերձ փոխանցել հակամարտության հետևանքով միմյանցից բաժանված հարազատների միջև։



