ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռեսուրսների տնտեսումը թույլ է տվել բարձրացնել համայնքային ծառայողների աշխատավարձերը. Շիրակի մարզպետը՝ խոշորացման մասին

Ռեսուրսների տնտեսումը թույլ է տվել բարձրացնել համայնքային ծառայողների աշխատավարձերը. Շիրակի մարզպետը՝ խոշորացման մասին

Հայաստանում համայնքների խոշորացման արդյունքում ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել Շիրակի մարզում համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել՝ ընդհուպ 40-50 տոկոսով: Այս մասին ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում:

Նա նախ հիշեցրեց, որ 2016 թվականին, երբ խոշորացման գործընթացը մեկնարկում էր, Շիրակի մարզն ուներ 119 համայնք՝ 3 քաղաքային համայնք և 116 գյուղական համայնք: Նախորդ տարվա խոշորացման արդյունքում մարզը բաղկացած է 1 քաղաքից՝ Գյումրի և խոշորացված կամ միավորված 5 համայնք: «Սրա արդյունքում ունենք Շիրակի մարզի դիմագծի փոփոխություն, ռեսուրսների, պետական միջոցների հավասարաչափ բաշխվածություն և վերահսկողության շատ լավ գործիքակազմ»,-ասաց մարզպետը:

Նրա վստահեցմամբ՝ միավորման կամ խոշորացման արդյունքում այն միջոցները, որոնք նախկինում գնացել են ապարատի պահպանմանը, այժմ գնում են ծառայությունների մատուցմանը, ենթակառուցվածքների զարգացմանը:

Շիրակի մարզը 2021-ին 2.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, այս տարի գրեթե եռապատկել է՝ 7.6 մլրդ: Ըստ մարզպետի՝ դա նշանակում է, որ համայնքային գումարները գնում են համայնքի զարգացման համար: «Արդյունքում ունենք շուրջ 20 մանկապարտեզի կառուցման հայտեր, ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ, գազաֆիկացում և այլն»,-ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ամենակարևոր խնդրին, որը լուծել են միավորման արդյունքում՝ մարզպետն ասաց. «Ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել: Այն մեր մարզի համայնքների պարագայում իրականացվել է, նույնիսկ բավականին մեծ չափով՝ ընդհուպ 40-50 տոկոսով: Բնականաբար, համայնքային ծառայությունը դարձել է ավելի հրապուրիչ»:

Ըստ նրա՝ ավելացված և ուռճացված հաստիքները փոքր համայնքներում շատ ցածր գումարով անհրապուրիչ աշխատանքի էին վերածել համայնքային ծառայությունը: Այնինչ, հիմա, ըստ նրա, համայնքային ծառայությունն իսկապես մրցակցային է, կարող են ներգրավել երիտասարդ, ճկուն և գիտակ մասնագետների:

  • Կիսվել: