շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ գազի սակագինը պահպանվի երկար՝ տասը տարի ժամկետով. Գարեգին Բաղրամյան

Փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ գազի սակագինը պահպանվի երկար՝ տասը տարի ժամկետով. Գարեգին Բաղրամյան

Հայկական կողմը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ բանակցությունների շրջանակում փորձում է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որպեսզի գազի սակագինը պահպանվի երկար՝ տասը տարի ժամկետով, այդ մասին հայտարարել է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա տեղեկացրել է, որ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ տարի տարբեր փուլերով։ Անդրադառնալով գազի սակագնին, Բաղրամյանն ասել է, որ «Գազէքսպորտ» ընկերության հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն 2020 թվականին պահպանել գազի սակագինը՝ 165 ԱՄՆ դոլար մեկ խորանարդ մետրի համար։

Միաժամանակ, Բաղրամյանը ընդգծել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և դրան կարող են անդրադառնալ բարձր մակարդակով շփումների ժամանակ։ Նրա փոխանցմամբ, նաև քննարկվում է մեծամասշտաբ ներդրումային ծրագրի հարցը, որը նախատեսում է շուրջ 500 մլն դոլար ներդրում մինչև 2030 թվականը։ Նա նկատել է, որ այդ ծրագրի արդյունքում գազատրանսպորտային համակարգը կվերականգնվի, քանզի վերջին 5-10 տարիներին հիմնական ներդրումներն ուղղված են եղել սպառողների քանակի մեծացմանը։

Գարեգին Բաղրամյանը նշել է նաև, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի, ապա կառավարությունը իր կողմից կարող է քայլեր ձեռնարկել փոխհատուցել հնարավոր բարձրացումը։

Ավելի վաղ InfoPort.am-ը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի բարձրացման մասին հարցը։ Միաժամանակ ընկերությունից ընդգծել էին, որ չի բացառվում գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնեն ՀԾԿՀ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: