հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար. Քերոբյան

Նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար. Քերոբյան

Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանակ:

Քննարկումը եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում՝ Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ:

2023 թ. պետական բյուջեի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել 12 ծրագիր:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 6 ծրագրի շրջանակում նախատեսվում է 2023 թ. պետական բյուջեով իրականացնել 30 միջոցառում. գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 6, բուսաբուծության խթանման և բույսերի պաշտպանության՝ 3, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման՝ 4, անասնաբուժական ծառայություններ՝ 2, գյուղատնտեսության արդիականացման ծրագիր՝ 12, ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր՝ 3:

Նախարարության կողմից բյուջետային հայտով ներկայացված գյուղատնտեսության ոլորտում նոր նախաձեռնություններից ընդգրկվել է 1 միջոցառում, որն ուղղվելու է «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառմանը:

Նախարարի խոսքով` դրական արդյունք է գրանցել ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը, և անհրաժեշտություն է առաջացել ավելացնել բյուջեն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է, թե որն է 3-15 մլն դրամ տրամադրվող վարկերի 2023 թ. հունվարի 1-ից պետության կողմից տոկոսների սուբսիդավորման դադարեցման պատճառը: Ըստ նախարարի՝ ավելի նպատակային ծրագրերի միջոցով հնարավոր կլինի հսկել արդյունավետությունը. դրանք վերակազմավորվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի հաշվել տվյալները՝ բարձր արդյունավետություն ունենալու նպատակով:

Պատգամավորները հետաքրքրվել են նաև խաղողի մթերմանը, անմշակ հողերին, թռչնաբուծության ներկրմանը վերաբերող հարցերով:

  • Կիսվել: