շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքների համար 2023 թվականին 1 մլրդ 100 մլն-ի շրջանակներում արդեն բյուջեով նախատեսված է հատկացում անել. Հրաչյա Սարգսյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքների համար 2023 թվականին 1 մլրդ 100 մլն-ի շրջանակներում արդեն բյուջեով նախատեսված է հատկացում անել. Հրաչյա Սարգսյան

Մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի հետ կապված աշխատանքները նախագծման փուլում են: Արդեն առաջին փուլի հանձնման ընդունման գործընթացն է տեղի ունենում և վերջնական նախագծման փուլը պատրաստ կլինի հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով, նշված փուլից հետո, երբ նախագծանախահաշվային փաստաթղթերը լինեն, ծավալ լինի՝ արդեն պետք է մրցույթ հայտարարվի մետրոյի կայարանի կառուցման համար:

Հարցին, թե այսինքն հնարավոր է, որ կառուցումը սկսվի 2023 թվականին, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ չի կարծում, որ 2023-ից կսկսվի կառուցումը.

«Այդ նախագիծը կլինի, կարծում եմ, դրանից հետո մրցույթ կհայտարարվի, հետո արդեն պետք է հասկանանք, թե ինչ ֆինանսական միջոցներով է մետրոպոլիտենի կառուցումը լինելու, ո՞ր միջազգային կառույցներից ենք վերցնելու, թե սեփական միջոցներով ենք կառուցելու: Կարծում եմ, երևի միջազգային կառույցների միջոցով կիրականացնենք, քանի որ էներգախնայողության կոմպոնենտներ կան: Եվ, այդտեղ կարծում եմ հնարավորություն կլինի դրամաշնորհներ ներգրավել»,- նշեց քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը կառուցման մեկնարկի հետ կապված ժամկետներ չնշեց: Միայն հայտնեց, որ գործընթացը սկսված է և համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվել են:

«800 մլն-ի շրջանակներում Երևան համայնքի բյուջեի միջոցներով էր տրամադրվել, որպեսզի նախագծման աշխատանքները սկսվեն: Եվ, արդեն 2023 թվականին 1 մլրդ 100 մլն-ի շրջանակներում արդեն բյուջեով նախատեսված է, որպեսզի նախագծման  համար գումարը վճարեն, որից հետո արդեն կսկսենք աշխատանքները»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: