կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր Կառավարությունն իր գործունեության ընթացքում ստեղծել է 178 հազար աշխատատեղ. Փաշինյան

Մեր Կառավարությունն իր գործունեության ընթացքում ստեղծել է 178 հազար աշխատատեղ. Փաշինյան

ՀՀ Կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանն արդեն 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում։ Այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճը 2.8 տոկոս է։

Կարևոր է արձանագրել, որ 2023 թվականի սեպտեմբերին մենք արձանագրել ենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ։ Ըստ այդմ՝ սեպտեմբերին գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավելի է 178.067-ով»,- ասաց վարչապետը, ապա հավելեց. «Դա նշանակում է՝ մեր Կառավարությունն իր գործունեության ընթացքում ստեղծել է 178 հազար աշխատատեղ»:

Փաշինյանը ընդգծեց, որ մակրոտնտեսական կայունությունը երկրի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները կառավարելու ու հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն ու ցուցանիշն է, ապա վստահեցրեց` ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ՀՀ-ին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը, այդ թվում՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար տանելու շնորհիվ։

  • Կիսվել: