ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան

Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան

Ուկրաինայի իրավիճակի և պատժամիջոցների հետևանքով վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների (մեծ մասը՝ ծրագրավորման) շուրջ 2000 ընկերություն։ Նրանք հիմնականում Ռուսաստանից են։ Այս մասին Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
Նրա խոսքով` շուրջ 50 հազար ծրագրավորող ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ են տեղափոխվել Հայաստան։ Քերոբյանը շեշտեց` դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս ներգրավել բարձր տեխնոլոգիաներ։
Նախարարի պնդմամբ` ռուսական ընկերությունները և մասնագետներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել։
 
Քերոբյանն ընդգծեց, որ կառավարությունը մի շարք օժանդակ միջոցներ է ձեռնարկում բիզնեսի արդիականացման համար։ Ծրագրերից մեկը նոր սարքավորումների ձեռքբերման համար վարկերի տոկոսների սուբսիդավորումն է, մյուսը` հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձի մասնակի սուբսիդավորումը։ Առաջին ծրագրով բիզնեսից արդեն ստացվել է ավելի քան 1200 հայտ, երկրորդ ծրագրով` մոտ 300։
 
Առաջիկայում կսկսի գործել նաև երրորդ բաղադրիչը` բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորումը։
Քերոբյանը հավելեց, որ բոլոր այդ նախագծերը կօգնեն ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, ինչը նշանակում է, որ դրանք մրցունակ կդառնան արտասահմանում։
Նա շեշտեց` որքան էլ անսպասելի հնչի, թվայնացումը Հայաստանում անհրաժեշտ է նաև արտասահմանյան ընկերություններին. նրանց, ինչպես և մյուս ձեռնարկությունների համար, հնարավոր է սուբսիդիաներ ստանալ թվային համակարգերի ներդրման, ինչպես նաև այդ ոլորտում համապատասխան խորհրդականներ ներգրավելու համար։
 

  • Կիսվել: