երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կլինի 8.3-8.5 տոկոսի միջակայքում. Քերոբյան

Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կլինի 8.3-8.5 տոկոսի միջակայքում. Քերոբյան

Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կտրուկ նվազել է։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ գործազրկության մակարդակը կազմել է 11,7%, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 18,2%։ «Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների տվյալների հիման վրա գործազրկության մակարդակն էլ ավելի կնվազի»,- հավելել է Քերոբյանը։

Նա կանխատեսել է, որ Հայաստանում տնտեսական աճը, ելնելով ամբողջ 2023 թվականի տվյալներով, կկազմի 8,3-8,5 տոկոս։ Նրա գնահատականներով՝ աշխատանքի արտադրողականությունը՝ հիմնված ամբողջ անցած տարվա տվյալների վրա, կկազմի 9,6 դոլար մեկ ժամվա համար մեկ անձի համար։ «Կառավարության նպատակն է 2026 թվականին այս ցուցանիշը հասցնել 12 դոլարի։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8280 դոլար։ 2018 թվականին այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 196 երկրների շարքում զբաղեցրել է 122-րդ տեղը, 2020 թվականին՝ 112-րդ, 2023 թվականին՝ 86-րդ։ Համախառն ներդրումների ցուցանիշը 2023 թվականի առաջին կիսամյակի համար աճել է 17,5%-ով»,- հավելեց նախարարը։

Քերոբյանն ընդգծեց, որ Հայաստանում, 2023 թվականի տվյալներով, գրանցվել է 748 հազար աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը կազմել է 260 հազար դրամ (մոտ 650 դոլար-խմբ.)։

«Աղքատության մակարդակը 26,5%-ից իջել է 24,8%-ի։ 2023 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը հույս է տալիս այս ցուցանիշի հետագա էական նվազման համար»,- ընդգծեց նախարարը։

Նա ասաց, որ էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի բյուջեն կազմել է 91 մլրդ դրամ, մինչդեռ 2019 թվականին այդ ցուցանիշը եղել է 25 մլրդ դրամի մակարդակում։

  • Կիսվել: