ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը: Արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլեւս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում եւ վճարել պետական տուրք. այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում:

Գործադիրը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ, մասնավորապես, խոսքը վերաբերում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կիսապատրաստուքների, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրությանը կամ վաճառքին, ինչպես նաեւ անասնաբուժասանիտարական փորձաքննությանը:

Ըստ Անի Իսպիրյանի` վերջին տարիներին վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալելու համար ընդհանրապես դիմողներ չեն եղել:

Պարտադիր ծանուցման ցանկից կհանվեն նաեւ 100 հազար լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման պահանջը եւ համապատասխան պետական տուրքի վճարման անհրաժեշտությունը:

Վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ խմիչքների արտադրության գործունեության տեսակները կմիավորվեն եւ դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 3.0 մլն. դրամ տարեկան պետական տուրք:

Անի Իսպիրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական, ինչպես նաեւ որոշ օրենքների` ավելի ուշ ուժի մեջ մտնելու վերաբերյալ առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանն ու տվել դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առաջիկայում նախատեսվում են շինթույլտվությունների վերաբերյալ եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների հետ աշխատանքային քննարկումներ:

  • Կիսվել: