հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ի վերջին ավելի կնվազի՝ հասնելով 49.6%-ի. Թունյան

Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ի վերջին ավելի կնվազի՝ հասնելով 49.6%-ի. Թունյան

Ինչպես վկայում են 2023 թվականի պետական բյուջի նախագծում տեղ գտած տվյալները, Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը այս տարվա արդյունքներով էապես կնվազի, իսկ հաջորդ տարի նույնպես կշարունակի նվազել (իհարկե, ոչ այնքան զգալի չափով, ինչպես այս տարի)։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հիշեցնեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամի, իսկ հետո 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Կառավարությունը ստիպված էր նախատեսվածից ավելի շատ պարտք ներգրավել՝ բյուջեի ավելացած պահանջմունքները բավարարելու համար։
 
Արդյունքում՝ 2020 թվականին Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը աճեց 13.4 տոկոսային կետով և հասավ 63.5%-ի։ Այդպիսով, մենք գերազանցեցինք հարկաբյուջետային կանոններով սահմանված պարտքի շեմը, ինչը սահմանափակում էր սոցիալական ծախսերն ավելացնելու հնարավորությունը։
 
2021 թվականին պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը նվազեց մինչև 60.3%, այսինքն, դեռ շարունակում էինք թույլատրելի գծից վերև գտնվել։
 
Սակայն այս տարվա արդյունքներով Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, սպասվում է, որ կլինի 51%: Իսկ 2023-ի վերջին ավելի կնվազի՝ հասնելով 49.6%-ի, ինչը ավելի բարվոք ցուցանիշ է, քան նախաճգնաժամային տարիներին։
 
 
ԻՆՉՈՒ Է ՆՎԱԶԵԼ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԵՌԸ
 
Դեր են խաղացել երկու հիմնական գործոններ.
 
1. Փոխարժեք։ Քանի որ ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է, որը վերցված է արտարժույթով, դրամի արժևորման արդյունքում արտաքին պարտքի ծավալը դրամային արտահայտությամբ նվազել է։ Պարզ ասած, եթե 1 մլն դոլարի պարտքը նախկինում հաշվարկվում էր 480 մլն դրամ, այժմ հաշվարկվում է 420 մլն դրամ։
 
2. ՀՆԱ-ի աճ։ Ինչպես տեսնում եք, պարտքը բացարձակ թվով աճում է և աճելու է (ինչը նորմալ է դեֆիցիտային բյուջի դեպքում)։ Սակայն կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է՝ համախառն ներքին արդյունքի՝ նախատեսվածից ավելի բարձր աճի արդյունքում։
 
ԻՆՉ Է ՏԱԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔ / ՀՆԱ-Ի ՆՎԱԶՈՒՄԸ
 
Ինչպես նշեցի, գործում են, այսպես կոչված, հարկաբյուջետային կանոններ։ Դրանց համաձայն, եթե պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 60%-ից անցնում է, ապա կառավարության՝ սոցիալական ծախսեր ավելացնելու հնարավորությունները սահմանափակվում են։
 
Պարզ ասած, պետության ձեռքերը կապվում են։
 
Հարկաբյուջետային կանոնն ասում է՝ եթե պարտքային բեռդ շատ է ծանրացել ու դու էլ շարունակում ես պարտք վերցնել, ապա չես կարող ուզածիդ չափ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել։ Հակառակը՝ այդ պարտքը պետք է ուղղես կապիտալ ծախսերին որպեսզի տնտեսությունը զարգանա ու ռեսուրս ունենա այդ պարտքը կարողանա սպասարկել։
 
Հիմա, երբ պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 60%-ից նվազել է, և թեթևացել է նաև պարտքի սպասարկման բեռը, պետությունը կարող է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սոցիալական ծախսերին։
 
Ինչը և անում է։
 
Արդեն իսկ որոշ չափով բարձրացվել են թոշակներն ու նպաստները։ Իսկ եկող տարվա բյուջեով նախատեսվում է թոշակների լրացուցիչ բարձրացում, նվազագույն աշխատավարձի, նպաստների բարձրացում և այլ ուղղություններով (կրթություն, առողջապահություն) ծախսերի զգալի աճ»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: