չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոն կբացի

Իրանը Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոն կբացի

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում:

Թեհրանն առաջիկա 2 ամսում պատրաստվում է մեր երկրում իրանական ապրանքների առևտրի կենտրոն բացել:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը Հանրայինի եթերում նշել է, որ շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա 100-ից ավելի իրանական ընկերություններ են ներկայացված լինելու, և մեր հայ սպառողները կամ նաև գործարարները կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ, ինչու չէ` նաև մտածելու համատեղ գործունեություն ծավալելու, միգուցե և տվյալ արտադրանքը Հայաստանում համատեղ արտադրելու և այլ ուղղություններով:

Տարածքը իրանական կողմը վարձակալելու է Առինջ համայնքի տոնավաճառի հարակից տարածքում. այդ առումով բանակցություններ են ընթանում: Ըստ Վարդան Կոստանյանի՝ սա կարելի է համարել իրանական ներդրում Հայաստանում: Հայկական կողմն էլ իր հերթին է ցանկանում Իրանում նմանատիպ առևտրային կենտրոն բացել:

Կոստանյանը նշում է, որ իրանցի գործընկերների հետ արդեն սկսել են բանակցությունները Իրանում նմանատիպ կենտրոն բացելու համար, բայց այս հարցում պետք է հաշվի առնել նաև ԻԻՀ տնտեսության կառուցվածքը և վարած քաղաքականության առանձնահատկությունները: Մասնագետների կարծիքով՝ Իրանում հայկական առևտրային կենտրոնի գաղափարն իրագործելու դեպքում հայկական բիզնեսի համար մեծ շուկա մտնելու նոր հնարավորություն կբացվի:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 366 մլն 276 հազար դոլար, 38.1 տոկոսով ավելի՝ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

  • Կիսվել: