Ադրբեջանցին եկավ անարգել մտավ Հայաստան, որովհետեւ գիտեր՝ մեր երկիրն անատամ է, չեն կրակելու. Մնացականյան
Մի քանի օր առաջ իշխանական պատգամավորներից մեկը ճեպազրույցի, թե հարցազրույցի ժամանակ հայտարարեց՝ Ադրբեջանը կրակի էլ, մենք չենք կրակելու. Դրանից ընդամենը մի քանի օր անց ադրբեջանցի, այսպես ասած, զինվորականը, դասալիքը, զորամասը լքելով չգնաց ոչ արևելք, ոչ հարավ, ոչ հյուսիս, եկավ արևմուտք, որովհետև ինքը գիտեր, մեր պատգամավորը այդ հայտարարությունով ցույց տվեց, որ մեր երկիրը անատամ է, ցույց տվեց, որ մեր երկիրը որևէ բան չի անելու իր սահմանները պաշտպանելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այդ զինվորականը եկավ անարգել, մտավ 15 կիլոմետր Հայաստանի սահմաններից ներս և եղավ այն, ինչ որ բոլորս տեղյակ ենք։ Հիմա ես խոսում եմ որպես պահեստազորի սպա, ձեր կուսակցությունում ես առնվազն երեք սպայի ճանաչում եմ, դիրքապահ զինվորականներ, այդ թվում նաև ես եմ եղել, իրենց այդ դժվար կենցաղային պայմանները արդարացնում են հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությամբ։
Երբ նրանց ցույց ես տալիս, որ դու չես կրակելու, դու երկիրը չես պաշտպանում, դու չես կրակելու, նրանք իրենց զգում են միայնակ ու լքված, իրենք իրենց զգում են թիրախ, երկրի սահմանին կանգնած իրենց զգում են թիրախ։ Ես հորդորում եմ ու պահանջում եմ՝ սրանից հետո նման արտահայտություններ չանել, որ այս շարունակական դեպքերը չլինեն, արդեն երկրորդ դեպքն է տեղի ունենում ՀՀ սահմանին»։



