ԵԽԽՎ պատգամավորները Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիր են տեսել. Վարդևանյան
Հայաստանը ժողովրդավարությունը որպես սկզբունք ընդունել է իր Անկախության հռչակագրում, այլ հարց է, որ իշխանությունները մեծ քայլերով նահանջել են այդ սկզբունքից։ Այս մասին այսօր խորհրդարանի նիստի ժամանակ ասել է ընդդիմությունից խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում իշխանությունների գործողությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ անվանել են մի երևույթ, որն ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նրա գնահատմամբ՝ ԵԽԽՎ պատգամավորները Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիր են տեսել։
«Զեկույցում մեջբերել են Հայաստանի ԿԸՀ ղեկավարին՝ նշելով, որ նա սխալ է մեջբերել Վենետիկի հանձնաժողովի զեկույցը։ Հստակ արձանագրված է, որ ընտրատեղամասերում պետք է անցկացվեր կրկնակի քվեարկություն, ինչը ազդեցություն է ունեցել Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Դա վկայում է լեգիտիմության պակասի մասին։
ԵԽԽՎ-ում արձանագրել են, որ Հանրային հեռուստատեսությունը չի կարողացել ապահովել խոսքի ազատությունը, ինչը նույնպես Ընտրական օրենսգրքի խախտում է դարձել։ Այնտեղ նաև կոչ են արել դադարեցնել ընտրովի հետապնդումները, ընդդիմության դեմ հետապնդումները»,-մասնավորապես ասել է Վարդևանյանը։
Նա հավելել է, որ ԵԽԽՎ գնահատականներն ուղղված են իշխանություններին, այլ ոչ թե Հայաստանին՝ որպես պետություն։



