կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսի անցակետում

Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսի անցակետում

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով:

Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ: 

Հակոբյանը հույս հայտնեց, որ մինչև երեկոյան ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար՝ հաշվի առնելով, որ ձնահոսքի վտանգ չկա և առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։

Նա պարզաբանեց, որ եթե մինչև երեկո ձյունը չմաքրվի, ճանապարհը կբացվի առավոտյան, քանի որ երեկոյան ճանապարհը դառնում է սայթաքուն և վտանգավոր բեռնատարների երթեւեկության համար։

Նրա հաշվարկներով՝ վրացական և ռուսական կողմերում կուտակվել է 800 հայկական մեքենա։

Նա նաև տեղեկացրեց, որ Վերին Լարսի անցակետում խնդիրները միայն հայկական բեռնատարների հետ կապված չեն, Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում խիստ հսկողություն է նաև վրացական և թուրքական բեռնատարների նկատմամբ։

Նրա ներկայացմամբ՝ Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը՝ («Россельхознадзор»-խմբ․) նոյեմբերի 23-ից ուժեղացված հսկողություն է իրականացնում շուտ փչացող ապրանքների՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բժշկական ապրանքների նկատմամբ։

Վահան Հակոբյանի խոսքով՝ այս պահին հայ արտահանողները լուրջ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ռուսական ծառայությունը մեծ թվով խախատումներ է հայտնաբերվում, և բեռնատարների մի մասին հետ են ուղարկում։

  • Կիսվել: