կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսային անցակետ տանող ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են ավտոճանապարհների վարչությունից։

Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում։

Այս հատվածում մյուս փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։ Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

  • Կիսվել: