կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՀՀ-ում շուրջ 250 կմ հիմնանորոգման աշխատանքներ պիտի իրականացվեն. Պապիկյան

ՀՀ-ում շուրջ 250 կմ հիմնանորոգման աշխատանքներ պիտի իրականացվեն. Պապիկյան

 «Այս պահին ինն ամիսների համար արտացոլված է միայն այն, ինչ վճարվել է: Այսինքն՝ մենք ունենք ճանապարհներ, որոնց վերին շերտն անգամ այս պահին դրված է, բայց ընդունումից առաջ անհրաժեշտ է ճանապարհն ամբողջությամբ կահավորել»,-այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե կապիտալ ծախսերի շրջանակներում ինչու՞ են թերակատարվել ճանապարհաշինական աշխատանքները՝ 9 ամսիների տվյալներով կազմելով 32 տոկոս:           

«Մինչ կահավորումը կատարողական ակտ ստորագրել և դրա համար վճարել մենք անկարող ենք: Այսինքն՝ ֆինանսական փոխանցումների մի մասը դեռևս չի կատարվել, քանի որ աշխատանքները վերջնական չեն ավարտվել»,-նախարարը:


Նա նշեց ևս մեկ պատճառ, այն է՝ Հյուսիս-հարավ ճանապարհի երկու տրանշների խնդիրը. «Երկրորդ և երրորդ տրանշի հետ կապված խնդիր կա, մենք խզել ենք իսպանական Կորսան Կորվիամ ընկերության հետ պայմանագիրը՝ իրենց պարտականությունները չկատարելու և այլ պատճառներով: Մյուսը չինական ընկերությունն է, մենք այնտեղ ծածկի փոփոխման և մի քանի այլ հարակից հարցեր ունենք: Հիմա չինական ընկերությունն ակտիվորեն աշխատում է: Կորսամի հատվածը մենք հիմա նախագծում ենք, քննարկում ենք մեկ ամբողջական լոտով մեկ մրցույթի դնելու հարցը: Նախնական փուլով առաջարկվում էր սահմանափակ մրցույթ իրականացնել և միայն կապալառուների միջոցով կատարել աշխատանքը, ես դրան սկզբունքորեն դեմ եմ, որովհետև կարծում եմ՝ դա այն ճանապարհն է, որին պետք է մասնակցեն աշխարհի զարգացած ընկերություններ»:

Պապիկյանն ասաց, որ մենք հնարավորություն ունենք արտերկրից իրական գործընկերներ ներգրավել: Նրանք իրենք իրենց ներուժով կփոխեն այն նշաձողը, որն այսօր կա ճանապարհաշինության ոլորտում:

Նա վստահեցրեց նաև, որ մյուս տարի արդեն աշխատանքներն ավելի արագ կընթանան:

Պապիկյանի խոսքով՝ շուրջ 250 կմ հիմնանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն հանրապետությունում: Պետք կատարվեն գյուղական կենսական նշանակության 70 կմ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, ևս 70 կմ սկսված աշխատանքներ կան, որոնք պետք է ավարտվեն հաջորդ տարի. «Դրան զուգահեռ ևս 60 կմ մենք պետք է ունենանք միջին նորոգում, դրանք այն ճանապարհներն են, որոնք հիմքն ամբողջությամբ քանդելու ու նորից կառուցելու խնդիր չկա: Իսկ թունելային մեգանախագիծ կարելի է համարել Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածը, որն ունենալու է թունելային հատված: Դա պետք է լինի Հյուսիս-հարավի չորրորդ տրանշի ամենակարևոր նախագծերից մեկը»:

  • Կիսվել: