հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան, որը բավական լուրջ և բարդ որոշում է․ Սանոսյան

Նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան, որը բավական լուրջ և բարդ որոշում է․ Սանոսյան

Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին, որի արդյունքում երկարացվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը: 

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ հիմա այդ աշխատանքների երկրորդ փուլում են, որով ատոմակայանի աշխատանքի ժամկետը կերկարացնեն մինչև 2036 թվականը. «Այդ աշխատանքները կսկսենք սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներից և առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացնենք»:

Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան, որը բավական լուրջ և բարդ որոշում է: 

«Սկսած քաղաքական, ֆինանսական, էներգետիկ և ժամանակի առումով, այսինքն՝ բազմաթիվ կոմպոնենտներ կան: Դժվարությունն ինչումն է. նոր ատոմակայանները կառուցվում են 60 պլյուս 40 ժամանակահատվածի համար, այսինքն՝ առնվազն հարյուր տարի կյանք կունենա, և մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու: Երբ որ կառուցենք ենթադրյալ 2035-36 թվականներին, նոր էներգաբլոկ ունենանք, այն ունենա այնպիսի հզորություն, որ առաջիկա տարիներին ճիշտ տեղավորվի մեր էներգետիկ համակարգում»,- նշեց ՏԿԵ նախարարը: 

Վերջինս նաև մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը. «Այժմ հիմնական հզորությունները, որ մեզ անհրաժեշտ է, և մենք օգտագործում ենք 1200 մեգավատ է ամբողջ երկրում: Հիմա ատոմակայաններից շատերը հենց այդպիսի հզորություն ունեն՝ 1000, 1200, 1400, և առաջին հայացքից,  եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցենք, կստացվի, որ հարյուր տոկոս պահանջարկը մեկ կայանը կարող է բավարարել: Բայց դա լավ վիճակ և կառուցվածք չէ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող է կախված լինել մեկ կայանից: Կառուցել մեծ հզորությամբ և չօգտագործել դրա հնարավորությունները, նույնպես ճիշտ չէ: Դրա համար որոշումները բավականին բարդ են, որպեսզի մենք կարողանանք հաշվարկել 2040, 50 կամ 70 թվականին մեր երկրում էներգիայի ինչպիսի սպառման կարիք կլինի»:

  • Կիսվել: