Մոդուլային ատոմակայանի հարցում ՀՀ–ն հերթի մեջ 8–րդն է. Մեսրոպ Մեսրոպյան
Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումն այժմ ավելի կարեւոր է, քան նոր կայանի մոդելի ընտրությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:
Նա ընդգծեց, որ չի փորձում կուրորեն պաշտպանել մոդուլային կամ ավանդական սերիական արտադրության տիպերը, քանի որ վերջնական լուծում կամ պաշտոնական որոշում այս պահին չկա, և հարցը դեռ խոր ուսումնասիրության կարիք ունի։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Հայաստանը կարող է վերածվել չփորձարկված տեխնոլոգիաների փորձարկման վայրի` Մեսրոպյանը հայտնեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, մինչ հայկական նախագծի կյանքի կոչվելը աշխարհի մի քանի երկրներ արդեն կանցնեն այդ ուղին։
«Մինչև այդ մոդուլային կայանը կսարքեն` տվյալ նոր տիպի մոդուլային կայան, աշխարհի առնվազն 8 երկրում արդեն այդ նմանատիպ մոդուլային կայաններ կառուցված կլինեն։ Իմ ինֆորմացիայով՝ նախնական այդ հերթի մեջ 8-րդ տեղում ենք»,– ասաց ՀԾԿՀ նախագահը։
Չնայած այս հեռանկարին՝ նա կոչ արեց էներգետիկներին ու պետական այրերին այս պահին ուժերը կենտրոնացնել ավելի հրատապ խնդրի վրա։ Ըստ Մեսրոպյանի` առաջնահերթ պետք է կենտրոնանալ Մեծամորում գործող ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու խնդրի վրա։
«Գործող բլոկի կյանքը երկարացնելուց հետո միայն, բավարար ժամանակի առկայության պայմաններում, կարող ենք անցնել նոր ատոմակայանի կառուցման նախագծմանն ու վերջնական որոշումների կայացմանը»,– շեշտեց ՀԾԿՀ նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


