Աշխարհացունց բան տեղի չի ունենա. ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի հավանական թանկացման հետևանքների մասին
Աշխարհացունց բան դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում, բարեբախտաբար, բավականին զարգացել են առաջանցիկ տեմպերով: Եվ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 1992, 1993, 1994 թվականների ծանր էներգետիկական ճգնաժամի պատկերը ունենալուց: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ խոսելով գազի գնի հավանական թանկացման և հասարակության կյանքում դրա ազդեցության մասին:
Նա նշեց, որ այս պահին չկա նման քննարկում, բայց եթե գազի գնի փոփոխություն լինի, ապա որոշակի դժվարություններ կլինեն անցումային փուլում, բայց չեն լինի օրերով, ժամերով հոսանքազրկումներ:
ՀԾԿՀ նախագահը նաև հիշեցրեց, որ օրերս Ազգային ժողովում ընդունվեց կուտակիչ կայանների մասին օրենքը, ըստ որի՝ էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին: Արդյունքում շուտով ՀՀ-ում կուտակիչ կայանների կառուցման, ներդրման հնարավորություն կստեղծվի, ինչն էլ կօգնի մեղմել խնդիրը:
«Ենթադրենք, դիցուք, վաղը գազը թանկացրին, հա՞, Հայաստանին վաճառվող ռուսական գազը թանկացրին, պայմանագիրը և սակագները գործում են դեռևս մինչև 2027 թվականի սկիզբը: Հետևաբար, առաջիկա 6 ամիսների ընթացքում ցնցումային բան չենք ունենա»,-վստահեցրեց Մեսրոպյանը՝ հավելելով, որ նախորդ տարիների ընթացքում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել գազի համակարգում, և այդ գումարն անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակահատված կարող է նաև ուղղվել գազի սակագնի մեղմմանը, որպեսզի սպառողները սոցիալական ծանր վիճակի մեջ չընկնեն:
Հարցին՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, թե գազի ներմուծման մասով այլընտրանքներ կան, ի՞նչ այլընտրանքների մասին է խոսքը, ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց՝ քաղաքական գործիչ չէ, քաղաքական որոշումներին մասնակից էլ չէ, հետևաբար՝ այդ հարցից տեղյակ չէ:
Նա, սակայն, միևնույն ժամանակ հավելեց, որ այլընտրանքներ կարող են լինել հարակից երկրների տարածքներից՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից, Իրանից և այլն:
Լրագրողների հարցին, թե գյուղական շատ բնակավայրերում հրաժարվում են գազից և օգտագործում են արևային էներգիա, կա՞ սրա վերաբերյալ վիճակագրություն, ՀԾԿՀ նախագահն ասաց՝ դա վաղուց պրակտիկա է մեր կյանքում:
«Արևային տեխնոլոգիաները վերջին տարիներին բերեցին նրան, որ իսկապես գազի սպառման ծավալները կենցաղային մակարդակում որոշակի նվազման, զսպման միտումներ ունեին որոշ բնակավայրերում, բայց դրան զուգահեռ, այնուամենայնիվ, կենցաղային սպառողների մոտ գազի ծավալի, սպառման ծավալի աճ է տեղի ունեցել, որը, իմ կարծիքով, կենսամակարդակի աճի ամենալավ ցուցանիշներից մեկն է»,-նշեց նա:


