շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի. Վահան Քերոբյանը՝ ընդդիմության նախարարություն գնալու մասին

Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի. Վահան Քերոբյանը՝ ընդդիմության նախարարություն գնալու մասին

Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին, անդրադառնալով գնաճին, ասաց, որ ԱՄՆ-ոմ գնաճը եղել է 8 տոկոսից ավելի, նույնն էլ Եվրոպայում է, և այստեղ խոսքը գլոբնալ ֆենոմենի մասին է:

«Այդ ներկապնակում ունենալ 8,5 տոկոս գնաճ, երբ, օրինակ, ԱՄՆ-ում է 8,5 տոկոս, դա ֆանտաստիկ լավ արդյունք է: Իհարկե դա չի նշանակում, որ մենք երջանիկ ենք այդ արդյունքով»,- ասաց նա և նշեց, որ իրենց ամբողջ աշխատանքը ուղղված է տնտեսական ակտիվության արդյունքներին, և առաջին չորս ամիսներին 9,4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք:

Անդրադառնալով ընդդիմության ակցիաներին՝ մասնավորապես նախարարություններ գնալուն, Վահան Քերոբյանն ասաց, որ Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ Ազգային ժողով և տալ իրեն հուզող ցանկացած հարց: «Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի: Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից այն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն, և գալ ու պահանջել հանդիպում և տալ մի հարց, որի պատասխանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ արդյունավետ է: Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում և արդյոք ինքը պետք է ինձ այդպիսի հարց տա, թե՞ ես իրեն պետք է այդպիսի հարց տամ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ընդդիմության գործողությունները առաջացնում են խցանում, և դա կարող է նպաստել տնտեսական աճին, Վահան Քերոբյանն ասաց, որ այստեղ պատճառն ու հետևանքը խախտվում է: «Տնտեսական ակտիվությունը կարող է առաջացնել խցանումներ, իսկ խցանումները տնտեսական ակտիվություն չեն կարող գեներացնել: Իսկ այդ մարդիկ, որ վերջին 20 կամ 30 տարում ոչ մի լավ բան չեն արել, այնպես էլ հիմա չեն կարող անել»,- ասաց նա:

  • Կիսվել: