ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում ազգային խտրականության հողի վրա հակամրցակցային վարքագծին պետք է հետևեն համապատատխան քայլեր. պատգամավոր

Մոսկվայում ազգային խտրականության հողի վրա հակամրցակցային վարքագծին պետք է հետևեն համապատատխան քայլեր. պատգամավոր

Եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված խնդիրներին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։

Սակայն սա չպետք է անհետևանք մնա։

Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Հ.Գ. - Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին՛՛:

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին, ու վերջիններս թույլ չեն տալիս՝ ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում։

Նշենք նաև, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

  • Կիսվել: