շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ես իմ անուշ Հայաստանի…». «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կարգախոսը

«Ես իմ անուշ Հայաստանի…». «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կարգախոսը

Այս տարի համահայկական դրահամահավաքը կանցկացվի նոր կարգախոսով, այն է՝ «Ես իմ անուշ Հայաստանի…», ինչպես նաև՝ նոր լոգոյով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Այս տարվա մեր թեման խմելու ջուրն է ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև արևային էներգիան: Իսկ մեր կարգախոսը՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», ավելի բացված այն լինելու է՝ «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին: Այլ փոփոխություններ էլ են կատարվել. առաջին չորս ժամը հեռուստամարաթոնը հեռարձակվելու և կազմակերպվելու է ՀՀ-ում՝ Հանրային հեռուստատեսությամբ, իսկ հաջորդ 6-8 ժամը կփոխանցենք Լոս Անջելեսին»,-նշեց նա:

Արշամյանը հույս հայտնեց, որ լավ արդյունք կունենան, քանի որ նվիրատուներին գրավելու նոր գործիքներ ունեն, այդ թվում՝ հիմնադրամի նորացված կայքը:

«Պետք է ուղղակի մարդկանց համոզել, որ ճիշտ տեղում են գումարներ տալիս: Եթե կարողանանք դա անել, ապա հրաշալի արդյունք կունենանք, եթե չկարողացանք, կունենանք այնքան, ինչքան կունենանք»,-նշեց Հ. Արշամյանը:

Նա անդրադարձավ նաև ռուսաստաբնակ նվիրատուներին և ասաց, որ անցյալ տարի նրանց հետ բանակցություններ չեն վարվել: Արշամյանն ասաց. «Ես կարծում եմ՝ եթե մարդիկ ուզում են որևէ բան անել ՀՀ-ում, կարող են անել: Ոչ մի ստիպողականություն, ոչ մի ճնշում կամ այլ գործիքներ չենք ուզում օգտագործել որևէ մեկի հանդեպ՝ անհատի կամ գործարարի: Մենք գիտենք, թե նախկինում այդ գործարարների ներգրավվածությունն ինչպես է եղել. նրանց ասել են՝ ինչ-որ բան կանես, դրա դիմաց ինչ-որ բան կստանաս: Հիմնադրամը նման գործունեություն այլևս առաջ չի տանելու»:

 

  • Կիսվել: