հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի խցանումների խնդիրը որոշ չափով կլուծեն նոր ճանապարհները. քաղաքապետի պաշտոնակատար

Երևանի խցանումների խնդիրը որոշ չափով կլուծեն նոր ճանապարհները. քաղաքապետի պաշտոնակատար

Նոր ճանապարհաշինությունը կարող է որոշ չափով լուծել խցանումների հարցը։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Այստեղ կարևոր է այն, որ մենք տրամաբանական արվարտին պետք է հասցնենք նաև տրանսպորտի հարցը։ Ժամանակին մասնավոր կազմակերպությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսները նախատեսված էին 10-15 ուղևոր տեղափոխելու համար, թեև, փաստացի, ավելի շատ ուղևոր էին տեղափոխում անհարմարավետ պայմաններում։ Մինչդեռ վերջին հինգ տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 563 նոր շարժակազմ»,– հավելեց քաղաքապետի պաշտոնակատարը։

Ըստ նրա` այս բարեփոխումները հնարավորություն կտան թեթևացնել հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։ Այսպիսով, Լևոն Հովհաննիսյանի համոզմամբ, կկարողանան Երևանի քաղաքացիներին առաջարկել սեփական մեքենաների դիմաց ավելի հարմարավետ հասարակական տրանսպորտ, որը կերթևեկի առանձին գծով և որի շնորհիվ քաղաքացին վարչական մի շրջանից կենտրոն ավելի շուտ կհասնի, քան մեքենայով։

«Դրան կգումարվեն նաև ճանապարհաշինության ծրագրերը։ Ամենախոշոր ծրագիրն այս պահի դրությամբ Ասիական զարգացման բանկի հետ ենք իրականացնում, որը միավորելու է Մոնթե Մելքոնյանև Արշակունյաց փողոցները։ Դա լինելու է արդեն իսկ կառուցված ճանապարհի շարունակությունը Իսակովի պողոտայի հատվածից։ Ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար»,– նշեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: