չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և ԱՏԳ ընկերակցության փորձագետների հետ

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և ԱՏԳ ընկերակցության փորձագետների հետ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 7-ին, «ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ներդրումային գրավչության բարձրացում՝ կլաստերային քաղաքականության մեխանիզմի կիրառմամբ» միջազգային նախագծի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետների հետ: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետներ Անդրեյ Շպիլենկոն և Ալեքսեյ Անդրեևը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, նախարարության պատասխանատու աշխատակիցներ։

Անդրեյ Շպիլենկոն ներկայացրել է իրենց առջև դրված առաջադրանքները, ինչպես նաև հավելել, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է նոր մոտեցումների և գործող Ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ) ամբողջական հետազոտությունների իրականացման արդյունքում ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ, բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Նարեկ Տերյանը ներկաներին տեղեկացրել է արդյունաբերության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, որոնցից են՝ սննդամթերքի վերամշակումը, սարքաշինությունը (մասնավորապես՝ ռադիոլէլեկտրոնիկան), դեղագործությունը և ոսկերչությունը։ 

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փորձագիտական խմբի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի ԱՏԳ-ներում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը, ինչն էլ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքային հանդիպումների միջոցով, համագործակցության և երկխոսության ճանապարհով հասնել ցանկալի արդյունքների։

  • Կիսվել: