ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձվի գինն ընկել է, պատճառը գերարտադրությունն է. Թռչնաբույծների միության նախագահ

Ձվի գինն ընկել է, պատճառը գերարտադրությունն է. Թռչնաբույծների միության նախագահ

Հայաստանում ձվի գինն ընկել է։ Պատճառն, ըստ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեափանյանի, գերարտադրությունն է։

 
«Սպառողի համար սա շատ լավ հնարավորություն է էժան ձու ձեռք բերելու և հնարավորության դեպքում նույնիսկ պահեստավորելու մինչև Զատկի տոնը (ապրիլի 17)։ Իսկ արտադրողների համար, բնական է, որ սա լավ չի», - ասաց Սերգեյ Ստեփանյանը։
 
Գերարտադրությունը, Ստեփանյանի խոսքով, միշտ հետևանքներ է ունենում։ Փոքր արտադրողները չեն կարողանում մրցակցային պայմաններին դիմանալ և արտադրողների քանակը նորից նվազում է։
 
«2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թ. ապրիլը բոլոր սահմանները փակ էին։ Մենք չէինք կարողանում գլխաքանակները կոմպլեկտավորել։ 2021 թվականին հնարավորություն ստեղծվեց և պահանջվածից մի քիչ էլ ավելի կոմպլեկտավորեցինք՝ մտածելով, որ կարող է դարձյալ սահմանների փակում լինի։ Արդյունքում ստացվեց, որ ավելցուկ գլխաքանակ ունեցանք, ինչն էլ բերեց գերարտադրության։ Մինչև Զատկի տոնը ապահովված ենք և ձվով, և թռչնամսով», - ասաց Ստեփանյանը։
 
Միության նախագահի խոսքով՝ Հայաստանում չենք կարողանում արտադրության տեխնոլոգիան հստակ կազմակերպել, քանի որ անընդհատ գլխաքանակ ենք ներկրում։
 
«Սեփական տոհմային տնտեսություն չունենք, անընդհատ դրսից ենք ներկրում, դրա համար էլ խնդիրներ են առաջանում», - ասաց Ստեփանյանը:
 
Նրա խոսքով՝ լուրջ խնդիրներ են առաջանում կերերի տեղափոխման հարցում՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։
 
«Մենք պաշարներն անընդհատ համալրում ենք, եթե այս վիճակը ձգվի, լուրջ խնդիրներ է առաջանալու, քանի որ կեր ենք ներկրում թե՛ Ուկրաինայից, թե՛ Ռուսաստանից», - ասաց Ստեփանյանը։

  • Կիսվել: