շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Դպրոցներն ու ամբուլատորիաները պետք է դառնան գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարը. Փաշինյան

Դպրոցներն ու ամբուլատորիաները պետք է դառնան գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարը. Փաշինյան

Մենք անընդհատ ուզում ենք հասկանալ՝ ինչ անենք, որպեսզի մեր գյուղական բնակավայրերի բնակչությունը ոչ թե նվազի, այլ ավելանա: Մենք պետք է պատշաճ պայմաններ ստեղծենք, այս առումով դպրոցը, նախակրթարանը կամ մանկապարտեզն առանցքային նշանակություն ունի և ես հետո արդեն մտածեցի, որ մենք նաև պետք է այս առումով դպրոցների հետ ինտեգրենք ամբուլատորիաների կառուցման և վերականգնման մեր ծրագրերը, որովհետև մենք մարդուն ուզում ենք քաջալերել, որ գնա ինքն այս գյուղում ապրի, այնտեղ պետք է լինի կրթության և առողջապահության պատշաճ հասանելիություն։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ոչ ոք չի գնա ապրի այնտեղ, որտեղ իր երեխան պատշաճ կրթություն չի ստանալու և մի առողջական խնդիր ունենալու դեպքում 50 կամ 20 կիլոմետր ճանապարհ պետք է ստիպված լինի հաղթահարել, նույնիսկ ամենապրիմիտիվ խնդրի դեպքում. «Մենք այստեղ մի թեթև շտկման կարիք ունենք՝ ամբուլատոր ծառայությունները և կրթական ծառայությունները հասանելիության որոշակի միջավայր պետք է ապահովեն և նաև մեր ծրագրերով պետք է խթանենք այսպիսի բնակավայրերում մարդկանց բնակվելը: Մենք բնակարանների գնման վկայագրերով տարբեր ծրագրեր ենք խթանում, և մենք այդ փորձն ունենք արդեն Սյունիքի մի շարք բնակավայրերի դեպքում:

Տարբեր սոցիալական խմբեր կան, որ մենք տալիս ենք բաց բնակարանի գնման վկայագիր, օրինակ՝ տալիս ենք 20 միլիոն դրամ բնակարանի գնման վկայագիր: Այսինքն, մենք քաղաքացուն որոշակի սոցիալական խմբի պատկանելիության բերումով տալիս ենք բնակարանի գնման վկայագիր, ասում ենք, որտեղ ուզում եք գնացեք բնակարան ձեռք բերեք, բայց մեր ռազմավարական զարգացման ուղղություններով պետք է վերաձևակերպենք ու ասենք, եթե այս-այս բնակավայրում բնակարան ձեռք կբերեք կամ կկառուցեք, մենք դրանց կավելացնենք ինչ-որ մի տոկոս:

Սրան զուգահեռ տնտեսական բնույթի զարգացման ծրագրեր պետք է անենք հենց կրթահամալիրների, հենց դպրոցների շուրջ և այդ դպրոցներն ու ամբուլատորիաները պետք է դառնան այդ գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարը: Դպրոցների շենքերը պետք է դառնան համայնքային կյանքի կենտրոններ, այսինքն՝ երեխաների դասապրոցեսից հետո պետք է սկսվի մեծահասակների դասապրոցեսները»:

  • Կիսվել: