ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաց, թափանցիկ ներդրումային եւ գործարար միջավայրի ձեւավորումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթությունն է

Բաց, թափանցիկ ներդրումային եւ գործարար միջավայրի ձեւավորումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթությունն է

Երեւանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը։

Զեկույցը կազմել են ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի մասնագետները, որոնք ժամանել են Հայաստան են, որպեսզի Զեկույցը ներկայացնեն Հայաստանի շահագրգիռ մարմիններին՝ նրանց հետ քննարկելու նպատակով:

Հեղինակները Զեկույցը կազմելիս հիմնվել են ՀՀ օրենսդրության վրա եւ հաշվի են առել Հայաստանի մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դյուպասքյեն (Chantal Dupasquier):

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը պատրաստելու համար: Նա նշել է, որ ՀՀ ներդրումային քաղաքականության բարելավման հիմնական հնարավորությունների մանրամասն եւ խորը վերլուծությունը եւ արժեքավոր խորհուրդների ներկայացումը կարեւոր աջակցություն են Հայաստանի կառավարությանը։

«Հայաստանի կառավարության կարեւորագույն առաջնահերթությունն է բաց, թափանցիկ ներդրումային եւ գործարար միջավայրի ձեւավորումը եւ դրա շարունակական բարելավումը։ Կարծում եմ, որ այս աշխատանքը այդ համատեքստում շատ մեծ նշանակություն ունի։ Հաջողությունները մշտապես կախված են նրանից, թե որքանով ճիշտ ենք ընկալում իրավիճակը, որքանով ճիշտ ենք ձեւակերպում այն նշանակետը, որին պետք է ուղղված լինեն մեր առաջիկա քայլերը։ Եվ եթե այդ երկու հարցերի վերաբերյալ մենք ունենք ճիշտ պատկերացում, ապա ներկա կետից դեպի նշված կետը շարժվելու առնչությամբ անելիքներն այսպիսի քննարկումների առարկա են դառնում։ Այսինքն, եթե բավականաչափ հստակ մենք կարող ենք տալ առաջին երկու հարցի պատասխանը, ապա մնացած հարցերում մենք կարող ենք լինել ավելի ճկուն», - ասել է Տիգրան Խաչատրյանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ իր ողջույնի խոսքում ասել է, որ UNCTAD-ի զեկույցները միտված են օժանդակելու պետություններին՝ բարելավելու ներդրումային քաղաքականությունը, համապատասխանեցնելու այն կայուն զարգացման նպատակներին։

Ըստ Շոմբի Շարփի ՝ Հայաստանն ապացուցել է, որ կարող են ստեղծվել համապատասխան գրավիչ պայմաններ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։

ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դյուպասքյեն դրական է գնահատել կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությունը, որն ուղղված է նաեւ ներդրումային մթնոլորտի բարելավմանը, զբաղվածության աճի խթանմանը եւ տնտեսական բարեփոխումներին։

  • Կիսվել: