շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անխափան բեռնափոխադրումներ՝ արտակարգ դրության պայմաններում

Անխափան բեռնափոխադրումներ՝ արտակարգ դրության պայմաններում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է ապահովել բեռնափոխադրումների պահանջարկը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը արտահանման և տեղական հաղորդակցություններում փոխադրել է 708 հազար տոննա բեռ, ինչը 8,6%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ֆեյսբուքի էջում գրել է ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:

Չնայած Վրաստանի տարածքում առկա ավտոբեռնափոխադրումների խնդիրներին՝ երկաթուղային բեռնափոխադրումներն այդ երկրի տարածքում իրականացվում են անխափան: ՀԿԵ-ն ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող հացահատիկային բեռների և նավթամթերքների ներմուծումը:

Ընկերության աշխատակիցները շարունակում են սպասարկել բեռնափոխադրումների գործընթացը՝ պահպանելով մարտի 16-ից Կառավարության որոշումով սահմանված արտակարգ դրության և պարետի կողմից իրականացվող միջոցների պահանջները: Ընկերության ձեռնարկություններում ապահովվում են պարետի կողմից պահանջվող սանիտարահամաճարակային նորմերը:

Վերահսկող մարմնի հետ համաձայնեցումից հետո՝ «Հարավկովկասյան երկաթուղին» որոշ սահմանափակումներ է կիրառել ուղևորափոխադրումների ոլորտում՝ չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը և Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները: Միջքաղաքային ավտոմոբիլային փոխադրումների արգելքի և ուղևորահոսքի կրճատման պայմաններում ընկերությունը շարունակում է մատուցել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծառայություններ՝ Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:

Այս բարդ շրջանում «Հարավկովկասյան երկաթուղին» շարունակելու է կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները՝ խստորեն պահպանելով արտակարգ դրության պահանջները:

 

 

  • Կիսվել: