երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն հուշարձան վերականգնել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն հուշարձան վերականգնել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն մշակութային հուշարձան վերականգնել:

Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Ոլորտի գերակայությունն է պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ճարտարապետական նախագծերի պատրաստումը, հուշարձանների ամրակայումը, նորոգումը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու բերդերին, ամրոցներին, քանի որ դրանք հատկապես ամրակայման ու վերականգնման կարիք ունեն»,-ասաց նա և հավելեց՝ հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել են շուրջ 300 տոկոսով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ:

Նրա խոսքով՝ 2023-ին հատկացվել է 660 մլն ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ ՀՀ դրամի, իսկ մինչև 2027 թվականն այդ բյուջեն նախատեսվում է  հասցնել 2 մլրդ ՀՀ դրամի, ինչն աննախադեպ է:

«Մինչև 2027 թվականը ցանկանում ենք վերականգնել 30 հուշարձան, սակայն հնարավոր է գերակատարել այդ թիվը: Մենք չենք մոռանում նաև դժվարհասանելի վայրերում կառուցված հուշարձանների մասին և այնտեղ հասնելու հետաքրքիր ու տարատեսակ լուծումներ ենք գտնում. 2023-ին Կայանբերդ տանող արահետը կահավորվել է Նիդերլանդների դեսպանատան հետ համատեղ: Այժմ կա քայլարշավային հայ-նիդերլանդական արահետ: Նախատեսվում է մինչև 2027 թվականը հիսուն նման ճանապարհ կարգավորել»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Նախարարությունը կարևորում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկում հայկական հուշարձանների ընդգրկումը և մտադիր է մինչև 2027 թվականը մեկ կամ երկու հուշարձան ներառել այդ ցանկերում:

«Հայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության անվտանգության միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոն ենք ուզում ստեղծել, որը գործելու է Հուշարձանների գիտահետազոտական ՊՈԱԿ-ի կազմում:  Հուշարձանների կադաստր ենք ստեղծելու, որի մեկնարկը տրված է նախարարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, 2024-ից այն կգործի, իսկ հուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը և 1500 թվայնացված հուշարձանները ևս մեր անելիքների  ցանկում են»,-շեշտեց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի մայիսին հուշարձանները համակարգող օրենքը արդիականացվել է: Վերջին անգամ այն թարմացվել էր 1998 թվականին: 

  • Կիսվել: