չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում տեղադրվել է Զապել Եսայանի արձանը

Հայաստանում տեղադրվել է Զապել Եսայանի արձանը

Պռոշյան գյուղում՝ Զապել Եսայան Ագրոբիզնես Կենտրոնի (ZYAC) տարածքում, հոկտեմբերի 9-ին բացվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի արձանը։

«Անվախ Զապել» հուշարձանի քանդակագործն է Նունե Թումանյանը, նախագիծը իրականացրել է Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահը՝ սփյուռքահայեր Վիկտոր Զարուգյանի և Ջուդի Սարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։

Վիկտոր Զարուգյանը և Ջուդի Սարյանը մշտապես աջակցել են Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակում։ Վերջին տարիներին նրանք ունեցել են միաժամանակ երկու հիմնական նպատակ՝ նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսությանը և աջակցել հայ արվեստին։ Այդ իսկ նպատակով, մոտ մեկ տարի առաջ նրանք դիմել են Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահին, նվիրատվություն կատարել և ընտրել քանդակագործ Նունե Թումանյանին՝ ստեղծելու խիզախ հայ կնոջ՝ Զապել Եսայանի արձանը։

Armenian Artists Project -ը բարեգործական նախագիծ է, որն օգնում է Հայաստանում բնակվող հայ արվեստագետներին դուրս գալու միջազգային հարթակ, իսկ վաճառքից ստացված շահույթն ուղղում տարբեր բարեգործական նպատակների իրականացմանը։
 Վիկտոր Զարուգյանի և Ջուդի Սարյանի համար կարևոր էր ընդգծել Եսայանի ազդեցությունը հայ գրականության, պատմության և կրթության վրա, ինչպես նաև շատ սիմվոլիկ՝ ընտրել հայ կին արվեստագետի ստեղծելու այդ կանացի, և միաժամանակ շատ ուժեղ կնոջ կերպարը։



Panorama.am-ի հետ զրույցում քանդակագործ Նունե Թումանյանն ասաց, որ արձանը բրոնզաձույլ է, կամուրջի հետ 2,5 մ բարձրություն ունի: Արձանի ստեղծումը տևել է մեկ տարի և երեք ամիս, որից երեք ամիսները Զապել Եսայանի մասին նյութերի ուսունասիրության ամիսներն էին:

«Մինչև կերպարի ստեղծմանն անցնելը, ուսումնասիրել եմ բոլոր մատչելի նյութերը, կարդացել իր ինքնակենսագրական «Սիլիհտարի պարտեզները» գիրքը: Կերպարն անչափ հետաքրքիր էր իր միշտ պայքարող, անարդարություն չհանդուրժող տեսակով»,- նշեց արվեստագետը։



Արշակ Չոպանյանի բնորոշմամբ՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ Զապել Եսայանը ծնվել է 1878թ. Կ. Պոլսի Սկյոլտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Ս. Խաչ վարժարանում: 1895р. վերջերին տեղափոխվել է Փարիզ և աշխատակցել է Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ իբրև սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականության դասընթացներ: Փարիզում նա մտերմացել է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ:

1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ոզբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911) գրքում:

Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զ.Եսայանը կազմակերպել է հայտարագիրների և որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է «Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորյալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ագգային մեծ ոգբերգության առիթով:

Զ. Եսայանը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ հոդվածներ, մի շարք նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայաստւսնի օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին:

Զ. Եսայանի լավագույն ստեղծագործություններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Պրոմեթեոս ազատագրված» (Մարսել, 1927), «Սիլիհտարի պարտեզները» (Եր., 1935), «Մուրադի ճամփորդությունը» (Եր., 1990) գործերը:
1933թ. խորհրդային կառավարության հրավերով Զ. Եսայանը եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը:

Զ. Եսայանը 1930-ականների գրական կյանքի եռանդուն ու ազնիվ մասնակիցներից էր, խորությամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանում էր Ե. Չարենցին, Ա.Բակունցին և գրականության մյուս առաջատարներին: Ստոր մատնությունների զոհ դարձավ, բանտարկվեց ու աքսորվեց, կրեց անլուր տառապանքներ ... Զ. Եսայանի գործունեությունն ընդհատվել է 1937թ., կյանքը՝ ավելի ուշ՝ 1943-ին Բաքվի բանտում:

ԽՍՀՄ զինվորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր Զ. Եսայանի մահավճիռը, 1957թ. հետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ։

2018 թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է Զապել Եսայանի անունով։
Քանդակագործ, Նկարիչների միության անդամ, դոցենտ, «Women and Art Biennial 2014»-ում «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ» մրցանակակիր Նունե Թումանյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում (Ռավեննա) Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությանը նվիրված բիենալեներում (1996, 1998)՝  արժանանալով մրցանակի, Երևանում  (2001, 2008, 2013), խմբակային ցուցահանդեսներ՝ Մոսկվայում, Երևանում, Միացյալ Արաբական Էմիրություններում (Շարջա), որտեղ արժանացել է բիենալեի միակ մրցանակին՝ «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ»-ի համար: Նաև այլ մրցանակներ ունի՝ Դիվանագետների կանանց ասոցիացիայի շնորհակալագիր, «Երկարամյա անբասիր աշխատանքի համար» պատվոգիր ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Նունե Թումանյանը կազմակերպել է «Քաղաքային քանդակ» նախագիծի ցուցադրություններ, որն առաջին անգամ ներկայացվել էր 2015-ին:

  • Կիսվել: