ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆիրդուսու աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն. Սիսեռյան

Ֆիրդուսու աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն. Սիսեռյան

Արդեն մի քանի օր շարունակ ակտիվ քննարկվում է 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հարցը, քանի որ օրեր առաջ քանդվել է թաղամասի 19-րդ դարի կառույցներից մեկը: Այս առիթով Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ արտահերթ նիստ են գումարել:

Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշեց, որ 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

Նա, մասնավորապես, ասաց. «2018 թ. մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: 2019-ին հեղափոխության արդյունքում գործարարների ակտիվության շնորհիվ կնքվեցին եռակողմ պայմանագրեր ներդրողի, կապալառուի և Կառավարության ներկայացուցչի հետ, որտեղ ևս մեկ անգամ մենք երաշխավորեցինք կառուցապատման աշխատանքները ներդրողներին»:

Սիսեռյանի խոսքով՝ արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն դրամ հողերի ձեռքբերման համար:

Նա նաև ասաց, որ որ տարբեր գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ եղել են հանդիպումներ, որոնցից մեկի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ներկայացրել է մեկ այլ հայեցակարգ, որը արժանացել է տարբեր գերատեսչությունների բացասական գնահատականին, և որոշվել է առաջնորդվել գոյություն ունեցած հայեցակարգով:

Խոսելով այն մասին, թե ինչու բաց մրցույթ չի հայտարարվել, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց. «Առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ ծրագիրն արդեն իսկ մեկնարկած է, ներդրողները գումարներն ամբողջությամբ փոխանցել են, այս գումարներով հնարավոր է եղել լուծել հարյուրավոր ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում»,- ասաց Սիսեռյանը՝ հավելելով, որ նոր բնակարաններ կամ փոխատուցում ստացած ընտանիքների թիվը հարյուրից ավելի է, միջինը 1քմ-ն էլ գնահատվել է 1200-1300 ԱՄՆ դոլար, որը սակայն մինչ 2018-ի ապրիլը կազմում էր 600 կամ առավելագույնը 700 դոլար:

Սիսեռյանը նաև հավելեց, որ ծրագրով հնարավոր է եղել լուծել գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարան տրամադրելու հարցը:

Հուշարձան և ոչ հուշարձան շենքերի մասով Սիսեռյանը ճշգրտում արեց. տարածքում 8 հուշարձան շենք կա, որոնք ընդգրկված են Կառավարության  2004-ի ցանկում: «Մեր աշխատանքային խմբի կողմից և փոխվարչապետի հանձնարարությամբ դրանք դուրս են բերվել ծրագրից և Կառավարության որոշմամբ նաև դուրս կբերվեն գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից շատ շուտով»:

Նրա խոսքով՝   երաշխավորում են պահպանել բոլոր հուշարձան շենքերը՝ ապահովելով դրանց վիճակի և շրջակա միջավայրի բարելավումը:

Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել, այդուհանդերձ, ըստ Սիսեռյանի, պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում:

«Այս պահին նաև բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի և ընդհանրապես դուրս գա այս ծրագրից: Այսինքն՝ բանակցում ենք, որ պահպանենք այս շենքը, որը էլի հուշարձան չէ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: