երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Դու չպիտի նստես ու հաշվես, թե հաջողության հասնելու հավանականությունը ինչքան է. Մամիջանյանը՝ իմպիչմենտ սկսելու մասին

Դու չպիտի նստես ու հաշվես, թե հաջողության հասնելու հավանականությունը ինչքան է. Մամիջանյանը՝ իմպիչմենտ սկսելու մասին

Մենք պատրաստ ենք  քննարկել և ստորագրել իմպիչմենտի գործընթացը, այսինքն միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, այն է, որ ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար այս պահին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածություն չունի. սա միակ խնդիրն է, որը այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնեցնում է: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել թեկնածուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար, մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ»,-ասաց նա:

Մամիջանյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում փողոցային պայքարի. «Դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին ես չեմ տալու, չեմ կարող տալ գործընթացի շահերից ելնելով»:

Հարցին՝ փորձելու են Նիկոլ Փաշինյանին մերժել այնպես, ինչպես յոթ տարի առաջ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին էին մերժո՞ւմ, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Այդպես չենք անելու, որովհետև այդ ժամանակ ակնհայտ առկա էին արտաքին ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ: Սա մեկ պատճառ, որը տարբերակելու է այդ գործընթացը մեր գործընթացից, որովհետև մեր գործընթացի շահառուն նախաձեռնողը և իրականացնողը ՀՀ քաղաքացին է լինելու: Երկրորդ, վերջնարդյունքի տեսանկյունից, մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեցին ձեր նշած իրադարձությունները»:

Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ եթե բերեն ՔՊ-ական 8 պատգամավորի ստորագրություն, որոնք պատրաստ են միանալ իմպիչմենտին, ապա իրենք 28 պատգամավորով կմիանան դրան, Մամիջանյանն ասաց. «Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում դու պիտի նստես ու հաշվես, թե հաջողության հասնելու հավանականությունը ինչքան է։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալ է. բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումին ու կպնել գործի»:

  • Կիսվել: