երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Երբ ինձ մեղադրում եք, մեղադրե՛ք հստակ՝ ինչ եմ ես ասել, և դուք ինչ եք հասկացել. Քոչարյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

Երբ ինձ մեղադրում եք, մեղադրե՛ք հստակ՝ ինչ եմ ես ասել, և դուք ինչ եք հասկացել. Քոչարյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

Մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական օրակարգ չունենալու պարագայում գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափ: Այդ դեպքում, երբ ինձ մեղադրում եք, մեղադրե՛ք հստակ՝ ի՞նչ եմ ես ասել, և դուք ի՞նչ եք հասկացել: Այդ մասին Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը՝ հայտարարելով, որ որևէ վիրավորական բան չի ասել, խոսել է խոսքի մաքրության մասին, և նույնիսկ մեջ է բերել սաղմոս, որպեսզի ավելի ընկալելի լինի իր խոսքը:

Քոչարյանը նախ ներկայացրեց այն, ինչ տեղի էր ունեցել միջադեպի օրը. «Ճեպազրույցի ժամանակ Հռիփսիմե Ջեբեջյանը մոտեցավ և փորձեց ձախ կողմից ներխուժել այդ աշխատանքի մեջ, որը ես թույլ չտվեցի: Ասացի՝ գնա՛, կանգնի՛ր այնտեղ, որտեղ մարդիկ ժամանակից շուտ կանգնել են, և մենք սկսել ենք մեր ճեպազրույցը:

Դուք չեք կարող ասել, որ ես բաց չեմ եղել ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Գուցե ամենաշատ հարցազրույց տված և ճեպազրույց տված պատգամավորներից մեկն եմ: Կարող եք մոնիտորինգ անել: Հիմա ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ, բա ճնշվածներն ինչո՞ւ են մյուս օրը գալիս, ինձանից հարցազրույց վերցնում: Թող ճնշված մնային: Բոյկոտեի՛ք, ինչո՞ւ չեք անում: Ուզում եմ ասել՝ արդարացի պետք է լինեք:

Սա առիթ էր, որպեսզի 1,5 ժամը օրակարգ չլինելու պարագայում դարձնենք օրակարգ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ստեղծելու պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպի առնչությամբ, որի ժամանակ պատգամավորը մեջ էր բերել Բագրատ Գալստանյանի խոսքը և ասել. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրե՛ք Ձեր շրթունքները»:

  • Կիսվել: