ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը

Այսօր մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկում է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 Փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված է Անյես Վարդայի հիշատակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվի նաև նրա հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը: Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը և սցենարիստ Անաստասիա Գորյունովան` Ռուսաստանից։

Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաևա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

 Կինոփառատոնի ավարտին հաղթողներին կշնորհվեն հետևյալ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», մրցանակ՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ` Մոսկվայի տան կողմից, մրցանակ` Անկախ կինոգործիչների ակումբի կողմից, դիպլոմներ:

Փառատոնի հովանավորներն են` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը,  Կանադայի և Ֆրանսիայի դեսպանատները, Գյոթե կենտրոնը Երևանում, Բրիտանական խորհուրդը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում, Մոսկվայի տունը:

 Կինոփառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է։

«ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-֊ին, իսկ փակման արարողությունը` նոյեմբերի 15-ին` ժամը 19:00֊-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան, 2/2)։ 

  • Կիսվել: