երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը

Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը

Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, որին ներկա կլինեն բազմաթիվ կինոաստղեր, իսկ ոմանք էլ չեն կարողանա գալ՝ ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աշխարհի ամենահին կինոստուգատեսի հիմնական ծրագրին կնախորդեն միջոցառումներ՝ նվիրված դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հիշատակին, որը մահացավ այս տարվա հունվարին` 95 տարեկան հասակում։ Հանդիսավոր բացման արարողությունը կսկսվի երեկոյան «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» պարգևատրմամբ՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում ներդրած ավանդի և կարիերայի նվաճումների համար։ Պատվավոր մրցանակը շնորհվել է իտալական կինոռեժիսոր, սցենարիստուհի, «Գիշերային դռնապան» կուլտային ֆիլմի հեղինակ Լիլիանա Կավանիին։
 
Միջազգային ժյուրին ռեժիսոր Դեմիեն Շազելի գլխավորությամբ կգնահատի հիմնական մրցույթում ընդգրկված 23 կինոնկար։ Կինոփառատոնի հիմնական մրցանակների համար կպայքարեն Լյուկ Բեսոնի, Բրեդլի Կուպերի, Սոֆյա Կոպոլայի, Դեյվիդ Ֆինչերի ֆիլմերը։
 
ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլն ազդել է կինոփառատոնի բացման ծրագրի վրա: Այսպես՝ կազմակերպիչները ստիպված են եղել հանել Լուկա Գուադանինոյի «Հավակնորդները» կինոնկարը և այն փոխարինել Էդուարդո Դե Անջելիսի «Կապիտան» (Comandante) ֆիլմով։

  • Կիսվել: