երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԺ-ն դիմել է միջազգային հանրությանը

Ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԺ-ն դիմել է միջազգային հանրությանը

Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության ու հանրաքվեի օրն է:

Երևանում Արցախի ներկայացուցչությունում այսօր օկուպացված Արցախի ԱԺ-ն փակ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընդունվել է ուղերձ միջազգային հանրությանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Առաջնորդվելով Արցախն իր կազմի մեջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականությամբ և այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքույց մտադրությամբ՝ ներկայումս Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմություն ունեցող հայկական գյուղերն ու քաղաքները, շարունակում պատանդության մեջ պահել տասնյակ մեր հայրենակիցների, այդ թվում՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Այդ հանցագործ, հակամարդկային քաղաքականությունը կանխելու և Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է․․․

Արցախի Հանրապետության ԱԺ-ը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին ուղերձով դիմում է միջազգային հանրությանը և կոչ անում ՄԱԿ անդամ պետություններին․
-առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով

-հիմք ընդունելով 1991թ․ սեպտեմբերի 2-ի «ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև 1992թ․ հունվարի 6-ին ընդունված Հռչակագիրը ԼՂՀ անկախության մասին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հանուն Արցախի բնիկ ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադարձի։

ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է։ Այն կդառնա մեր ժողովրդի պաշտպանվածության հուսալի երաշխիքը, կնպաստի 150 հազար հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց պատմական հայրենիք՝ արդեն ճանաչված միջազգային սահմաններում, պատմական բնակության վայրերում բնականոն կյանքի համար բնականոն պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կապահովի կայունություն, երկարաժամկետ և կայուն խաղաղություն հարավկովկասյան տարածաշրջանում»:

  • Կիսվել: