շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ում nւժ է կիրառվել, մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք, վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

ԼՂ-ում nւժ է կիրառվել, մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք, վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան: Այս մասին այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Յուրի Քիմը հայտարարել է, թե Արցախում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմել:

Փաուերը, մասնավորապես, նշել է. ՛՛Նույն բանն ասվել է պետքարտուղար Բլինքենի կողմից, բայց այդ ուժը կիրառվել է, և մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ՛՛,-ասաց Փաուերը:

Նա նաև հավելել է, որ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ: ՛՛Ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որ մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն՛՛,-ասել է Փաուրեը:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում, թեև վստահեցրել է, որ իրենց տրամադրության ներքո ունեն բավականին գործիքներ: ՛՛Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ՛՛,-ասել է Փաուերը:

  • Կիսվել: