ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուշակոթողների տարհանման գործընթացն ավարտվեց Բերձորի հրապարակից մարտիկի հուշարձանը տարհանելով. ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարը՝ թշնամուն հանձնվող տարածքներում 2 եկեղեցիների ճակատագրի մասին

Հուշակոթողների տարհանման գործընթացն ավարտվեց Բերձորի հրապարակից մարտիկի հուշարձանը տարհանելով. ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարը՝ թշնամուն հանձնվող տարածքներում 2 եկեղեցիների ճակատագրի մասին

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Բերձոր քաղաքը,  Աղավնո և Սուս գյուղերն անցել են Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Սակայն 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, ինչպես նաև Բերձոր քաղաքն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Այնուհետև, բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել, որպեսզի վերջիններս լքեն բնակավայրերը:

Արցախի կառավարությունը բնակիչների տարհանման գործընթացին զուգահեռ նաև մշակութային արժեքների տարհանման գործընթացն է սկսել:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ավարտվել է գործընթացը.

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյան

«Երբ հայտարարվեց, որ բնակչության տարհանում պետք է իրականացվի, մենք անմիջապես սկսեցինք այդ գործընթացը՝ նախ և առաջ տարհանեցինք Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, այնուհետև մոնումենտալ արվեստի հուշարձանները՝ հուշակոթողներն ու խաչքարերը, որոնք գտնվում էին Աղավնոյում, Ներքին Սուսում և Բերձորում: Այդ գործընթացը երեկ ավարտվեց Բերձոր քաղաքի կենտրոնական հրապարակից մարտիկի հուշարձանը տարհանելով և այժմ բոլորը կենտրոնացված են Ստեփանակերտում»,- ասում է փոխնախարարն ու հավելում, որ խոսքը 47 հուշակոթողների մասին է՝ «ցուցակով ինչքան նշված է եղել՝ տարհանել ենք»:

Հարցին, թե որտեղ պետք է դրանք հանգրվանեն, Լեռնիկ Հովհաննիսյնն հայտնում է, որ կան մի քանի առաջարկներ և պետք է դեռ վերջնական որոշում կայացնեն.

«Արցախի թեմն ունի առաջրկություններ այդպիսի պուրակ ստեղծելու Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի մոտակայքում, իսկ մի քանիսը կտեղակայվեն Սուրբ Հակոբ եկեղեցու մոտակայքում: Առաջարկություններ կան նաև, որ Ստեփանակերտում կամ Մարտակերտում ստեղծենք նոր բերված հուշարձաններից հուշարձանախումբ: Մի խոսքով, տարբեր առաջարկներ կան, որոնք կքննարկենք և մոտ ժամանակներում որոշում կկայացնենք»,- նշեց նա:

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվում և, շեշտում է, նույն կերպ շարունակելու են վանդալիզմի դրսևորումներն Աղավնոյում, Ներքին Սուսում և Բերձորում: Նշում է՝ Աղավնոյի Սբ. Նահատակաց եկեղեցին և Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին է մնալու իրենց տարածքում, որոնք կառուցվել են արցախյան առաջին պատերազմից հետո. «օրինակ Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1998 թվականներին»:

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարն իր մտահոգությունն է հայտնում այդ եկեղեցու ճակատագրի հետ կապված.

«Ադրբեջանական կայքերն արդեն հստակ գրում են, որ այն հուշարձանները որոնք ստեղծվել են 1994 թվականից հետո պետք է ոչնչացվեն: Հստակ, բաց տեքստով ասում են և չեն էլ խուսափում: Բերձորի եկեղեցին էլ մզկիթի են վերածելու»,- նշում է նա, ու հավելում, որ մզկիթի վերածելու փորձը միայն հայկական եկեղեցիների վրա չէ որ տարածվել է՝ «իրենց մեծ եղբայրները՝ թուրքերը Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիները, այնուհետև ասորական ու հունական եկեղեցիները մզկիթների վերածելու «փորձ» ունեն, և ամենայն հավանականությամբ, այդ փորձը փոխանցել են իրենց կրտսեր եղբայրներին»:

Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է՝ փորձել են միջազգային կառույցների միջոցով ինչ-որ բան անել, բայց անարդյունք.

«Համենայն դեպս, ինչքան մենք կարողացել ենք միջազգային տարբեր կառույցներին դիմել ենք: Կոնկրետ, մինչև Բերձորի դեպքերը, տարբեր՝ մյուս օկուպացված տարածնքերում մեր հուշարձանների վերաբերյալ դիմումներ եղել են, սակայն որևէ արձագանք՝ գործնական իմաստով, չենք ստացել, պարզապես եղել է որոշ հայտարարություններ, այդ հայտարարություններն էլ ավելի շատ ունեին խորհրդանշական բնույթ, և ոչ թե իրական գործնական քայլերի կոչեր էին»,- ընդգծեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

  • Կիսվել: