ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթում. Արցախի ՏԿԵ նախարար

Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթում. Արցախի ՏԿԵ նախարար

 Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- մանրամասնեց նախարարը:

Նրա խոսքով՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Գերատեսչության ղեկավարը հավելեց, որ ակտիվ շարունակվում է նաև ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը: «Կապի հարցն արդեն լուծված է: Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-ասաց Հայկ Խանումյանը:

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկկողմանի բաց է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:

  • Կիսվել: