ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել է մոնումենտալ արվեստի 47 հուշարձան. ԱՀ փոխնախարար

Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել է մոնումենտալ արվեստի 47 հուշարձան. ԱՀ փոխնախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանից պատասխանել է հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշում է կայացվել ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանված մոնումենտալ արվեստի հուշարձանների վերաբերյալ:

«Հենց նոր ենք Բերձորից դուրս եկել, վերջին հուշաքարը հանեցինք, եւ բոլոր հուշարձաններն այժմ կենտրոնացված են մի վայրում, այնուհետեւ արդեն համապատասխանաբար կքննարկենք դրանց հարցը»,-aravaot.am-ին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը:

Հավելեց, որ տարբեր առաջարկներ կան դրանց տեղակայման հետ կապված, որոնք դեռ պետք է քննարկեն ու հստակեցվեն. «Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի տարածքում պուրակ կա, Արցախի թեմի հետ ենք քննարկում համապատասխան պուրակ ստեղծելու հարցը: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հետ կապված էլ առաջարկություններ ու հետաքրքրություններ կան, պուրակներ ստեղծվեն, եւ այդ հուշարձանները տեղակայվեն»:

Պարոն Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկայում լուծումները կգտնվեն: Հետաքրքրվեցինք, թե քանի՞ հուշարձանի մասին է խոսքը: «Հիմնականում հանել ենք մոնումենտալ արվեստի հուշարձանները՝ խաչքարեր եւ հուշակոթողներ: Դրանց թիվը 47-ն է»,-ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: