հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական հողի վրա գտնվող ամեն ինչ մերն է. Ռուբեն Վարդանյան

Հայկական հողի վրա գտնվող ամեն ինչ մերն է. Ռուբեն Վարդանյան

Հիշեցնենք, որ 19-րդ դարի մզկիթի վերականգնման աշխատանքները սկսվել էին դեռևս 2014թ.՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Բացման արարողության ժամանակ հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց. «Շուշին Արցախի կարևոր մշակութային կենտրոնն է, որը պետք է պահպանվի եւ զարգանա: Դրա համար մենք պետք է ցույց տանք մեր արժեքների տարբերությունը: Ամեն ինչ, որ գտնվում է հայկական հողի վրա, մերն է, մենք պետք է պահպանենք եւ հարգենք պատմությունը: Մեր պատմության մեջ տարբեր էջեր են եղել, ունեցել ենք տարբեր հարեւաններ, որ կողք կողքի ապրել ենք, միշտ չէ եղել պատերազմ, միշտ չէ եղել ատելություն»:

Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ եւ կրում է նրա անունը: Այն վերականգնելու աշխատանքներին մասնակցել է Իրանից ժամանած 12 մասնագետ:

Մզկիթից բացի վերականգնվել է նաեւ դրա հարեւանությամբ գտնվող մեդրեսեի շենքը, ընդլայնվել եւ բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:

Վերականգման աշխատանքներն իրականացրել են տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններ՝ «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) եւ Իրանական մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):

Նշենք, որ հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: