Գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Նեթանյահուն հայտարարություն է արել
Իսրայելի հարձակման նպատակն էր հարվածել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին: Գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթում։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ գործողության նպատակն է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, բալիստիկ հրթիռների գործարաններին և ռազմական ներուժին:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «նրա անսասան դիրքորոշման համար»: «Նա բազմիցս հստակեցրել է. Իրանին երբեք չպետք է թույլ տրվի ձեռք բերել միջուկային զենք», - ասել է նա:
Անմիջապես դիմելով Իրանի ժողովրդին՝ Նեթանյահուն ասել է. «Մենք ձեզ չենք ատում: Դուք մեր թշնամին չեք: Մենք ունենք ընդհանուր թշնամի՝ բռնակալական ռեժիմը, որը ոտնակոխ է անում ձեզ»:
Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ Իրանի դեմ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել էր, որ սա գործողության միայն առաջին փուլն է։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ այն կտևի մի քանի օր։