շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ ռազմագերիների պատժի սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ապացուցել է, որ այն իրական է. ԱՀ ՄԻՊ

Հայ ռազմագերիների պատժի սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ապացուցել է, որ այն իրական է. ԱՀ ՄԻՊ

Արդեն 2 միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ ենք ներկայացրել, այդ թվում՝ փակ զեկույց՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ զինծառայողների և քաղաքացիականների դեմ անմարդկային վերաբերմունքի մասին։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենց տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր։

՛՛36 քաղաքացիական զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում, ասել է թե՝ անակնկալ և թիրախային, դիտավորյալ թիրախավորման հետևանքով։

Հաշվի առնելով ադրբեջանական կետային հարվածները՝ սխալանքի հավանականությունը շատ քիչ է, և եզրակացնում ենք, որ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածներ են հասցվում։

Քաղաքացիական վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրերում, մյուս մասն արդեն՝ աշխատանքի վայրում կամ անվտանգ տեղ տեղափոխվելիս։

Քաղաքացիական վիրավորների դեպքում նույնպես ակնհայտ են դիտավորյալ և չտարբերակված թիրախավորումներն ադրբեջանական կողմից։

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ լայնածավալ թիրախավորումներ են տեղի ունեցել ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրական դիրքերում՝ հարավից մինչև հյուսիս, սահմանամերձ են և խորքային։

Շուշվա սբ․ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման մասին հանդես կգանք առանձին զեկույցով՛՛։

Բեգլարյանը ներկայացրեց նաև Ադրբեջանի հասցրած նյութական վնասը՝
- 7800 անշարժ գույք,
- 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ,
- 720-ից ավելի անշարժ գույք, մասնավորապես՝ մեքենա։

՛՛Ադրբեջանի ԶՈՒ կողմից դիտավորյալ թիրախային և չտարբերակված հարձակման են ենթարկվել նաև գործարաններ։

Հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի հայտարարումից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, որի հետևանքով առնվազն 8 քաղաքացիական անձ է սպանվել։

Երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորվել, 3-ը՝ Շոշ գյուղում, 3-ը՝ Ստեփանակերտում։ Երկու բնակավայրում էլ ակնհայտորեն թիրախավորվել են բացառապես բնակավայրերի բնակելի հատվածները։

Ադրբեջանական սոցիալական ցանցերից սկսել ենք տեղեկություններ ստանալ հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։

Հայ ռազմագերիների պատժի սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ամբողջությամբ ապացուցել է, որ տեսանյութն իրական է՝ հակառակ Ադրբեջանի ԶՈՒ հերքման։ Սա պետք է դատապարտվի իրավապաշտպան համայնքի կողմից:

Ակնհայտ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ում տիրում է հայատյացության ընդգծված մթնոլորտ։ Դրան ավելանում է թուրքական ԶՈՒ և ահաբեկչական խմբավորումների ներգրավումը պատերազմի մեջ, որոնք, համեմվելով թուրքական ցեղասպան քաղաքականության հետ, մեծացնում են նմանատիպ դեպքերի ռիսկը։

Օր առաջ իրավապաշտպան համայնքը՝ կազմակերպություններն ու փաստահավաք առաքելությունները պետք է այցելեն Արցախ՝ ներկայացնելով օբյեկտիվ և համակողմանի զեկույցներ։

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը ճանաչի մեր՝ վաղուց իրացված ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախությունը, որ կարող է զսպիչ նշանակություն ունենալ ապագայում այստեղ մարդու իրավունքների նոր իրավախախտումների դեմ՛՛,-ասաց ԱՀ ՄԻՊ-ը:

Նա անդրադարձավ նաև ադրբեջանցի ռազմագերուն և ասաց. ՛՛Հետաքրքրվել եմ ադրբեջանցի ռազմագերու առողջական վիճակով։ Մեր առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։
Իմ լիազորությունների շրջանակներում պատրաստ եմ ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա՛՛։

ՄԻՊ-ը հավելեց. ՛՛Շուրջ 24.000 արցախցի երեխա զրկված է պատշաճ կրթություն ստանալու իրավունքից։

Արցախն ունի նաև մարդասիրական օգնության կարիք՝ հաշվի առնելով նաև Կովիդ-19 վտանգները՛՛։

Բեգլարյանը հավելեց, որ միջազգային հանրությունն օր առաջ պետք է միջամտի՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները։

Նա շարունակեց. ՛՛Ադրբեջանի ԶՈՒ ուղիղ, դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ լքել են իրենց տները՝ մի մասն ապաստանելով ավելի անվտանգ բնակավայրերում, մի մասը՝ ՀՀ-ում։

Միջազգային հանրությունը ձախողում է իր պարտականությունների կատարման հարցում։ Արցախում հերթական իրավախախտումներն ավելի մեծ պատասխանատվություն են դնելու միջազգային հանրության առջև, քանզի վաղուց առկա են ապացույցներ, որ այստեղ կատարվում են լայնածավալ դիտավորյալ հանցագործություններ, որոնց ռիսկը գնալով մեծանում է՛՛։

  • Կիսվել: