կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե մենք որևէ պատճառով թույլ տանք էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում, ցույց կտանք մեր իրական գերակայությունները. Մենենդես

Եթե մենք որևէ պատճառով թույլ տանք էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում, ցույց կտանք մեր իրական գերակայությունները. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ անդրադարձ է եղել Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևին և դրա հնարավոր չեղարկմանը: Սենատորների մի մասը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը կարող է կիրառվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Ադրբեջանին տրամադրվող օգնությունը հիմնավորել է Իրանի հետ սահմանի պաշտպանության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտությամբ, եվրոպացի դաշնակիցների համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ ուղիների պաշտպանությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ Ադրբեջանի զինված ուժերի համատեղելիության ապահովմամբ:

«Եթե մենք որևէ պատճառով, լինի դա սահմանի պաշտպանություն թե թմրանյութերի դեմ պայքար, թույլ ենք տալիս, որ էթնիկ զտում տեղի ունենա, մենք գլոբալ ուղերձ ենք հղում, թե որոնք են մեր իրական գերակայությունները»,- նշել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հնարավոր նախապատրաստությանը, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: