երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում ԻՔՄ ՀԿ-ի իրավաբանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայերի բռնի տեղահանություններին ու ԼՂ հայաթափմանը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում ԻՔՄ ՀԿ-ի իրավաբանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայերի բռնի տեղահանություններին ու ԼՂ հայաթափմանը

Հոկտեմբերի 12-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի իրավաբան, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայերի բռնի տեղահանություններին, Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը և տեղահանվածների իրավունքների հարցի քաղաքական շահարկմանը։
 
Իր ելույթում Ավագիմյանը ներկայացրել է հայերի նկատմամբ իրականացված բռնությունների պատմական համատեքստը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի տեղահանված հայերի իրավունքների, գույքի և փոխհատուցման հարցերում, իսկ այդ հարցերը չեն կարող փոխարինվել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներով։
Ռուզաննա Ավագիմյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:
 
«Ձերդ գերազանցություն, տիկնայք և պարոնայք,
 
Նախորդ նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը խոստացավ ժողովրդավարական ընտրություններ Ղարաբաղում։ Այնինչ Ղարաբաղի հայերն արդեն ունեին մրցակցային ընտրություններ։ Այսօր այնտեղ ո՛չ հայ բնակչություն կա, ո՛չ էլ մրցակցային ընտրություններ։
Երեք տարի առաջ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100.000 հայ բռնի ուժով վտարվեց իր հայրենիքից՝ թողնելով իր ողջ կյանքը։
 
Այսօր Ադրբեջանը վկայակոչում է 35 տարի առաջվա տեղահանությունները՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար՝ միաժամանակ լռելով Ադրբեջանից բռնի տեղահանված մինչև կես միլիոն հայի մասին։
 
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին հայերը ջարդերի զոհ դարձան Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, իսկ ավելի ուշ՝ Մարաղայում։ Ադրբեջանական ուժերը սպանեցին խաղաղ բնակիչներին։ Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ երբեք նման բան տեղի չի ունեցել։
 
Բռնության այս անպատիժ ձեռագիրը ճանապարհ հարթեց հաջորդող իրադարձությունների համար՝ ամիսներ տևած շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս և 2023 թվականի հարձակում։
 
Այդ զանգվածային գաղթը «կամավոր» որակելն անտեսում է ներկայացված վերջնագիրը՝ հեռացեք կամ ոչնչացեք։
 
Այսպիսով, Ադրբեջանը 1980-ականների վերջին կազմակերպեց հայերի ջարդ, որն այն ժամանակ հանգեցրեց խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի միջև փախստականների փոխանակման։ Եվ հիմա, հերթական էթնիկ զտումն իրականացնելուց հետո, նրանք այս հարթակում շահարկում են տեղահանված ադրբեջանցիների հարցը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար։
 
Այս նիստը վերաբերում է տեղահանված անձանց իրավունքներին։ Կոչ եմ անում մասնակից պետություններին՝ մերժել այս նիստի օգտագործումը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար և Ադրբեջանից պահանջել պատասխաններ տեղահանված հայերի իրավունքների, գույքի և փոխհատուցման վերաբերյալ։
 
Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է պատասխան տան այն հայերի առաջ, ովքեր Ադրբեջանի ձեռքով զրկվեցին իրենց հայրենիքից։
 
Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները չեն կարող փոխարինել այդ պատասխաններին։
 
Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ են նրանք դա անում։ Որովհետև Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն խաղաղության հաստատմամբ։ Ադրբեջանի կառավարությունը, ինչպես ցանկացած բռնապետություն, արտաքին թշնամու կարիք ունի։
 
Շնորհակալ եմ»:

  • Կիսվել: