երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում բնակարանաշինության ոլորտում անհրաժեշտ է 200 մլն դոլարի ներդրում` 8000 բնակարան կառուցելու համար. ԱՀ քաղաքաշինության նախարար

Արցախում բնակարանաշինության ոլորտում անհրաժեշտ է 200 մլն դոլարի ներդրում` 8000 բնակարան կառուցելու համար. ԱՀ քաղաքաշինության նախարար

Արցախում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները` ընդ որում ոչ միայն բնակարանաշինության, այլև ենթակառուցվածքների, արտադրական արտադրամասերի, մշակութային և կրթական օջախների շինարարության ուղղությամբ:

Արդեն նորոգվում է Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների վնասված կամուրջներից Սուս գյուղի մոտակայքում գտնվող կամուրջը, Աղավնոյում գտնվող կամրջի նախագծման փաստաթղթերն են պատվիրվել: Ուսումնասիրվել է Լաչինի միջանցքում շրջանցիկ՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցը:

Նախատեսվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում կառուցել ռուսական եկեղեցի` ՌԴ խաղաղապահների համար: 

Բնակարանաշինության ոլորտում անհրաժեշտ է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, որ կառուցվի 8000 տուն: Արցախի կառավարությունը Ռուսաստանի կառավարությանն է դիմել 7000 տուն կառուցելու հարցում աջակցություն ստանալու համար, այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում: Առաջիկայում ՌԴ կառավարությունը որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ: Տների մյուս մասն էլ նախատեսված է կառուցել Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ:

Այդ բոլոր աշխատանքները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարականով պատվիրված են ԱՀ Քաղաքաշինության նախարարությանը, ուստի այս նախարարությունը հետպատերազմյան Արցախում ամենա ծանրաբեռնված աշխատող գերատեսչություններից Է:

Սակայն քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը InfoPort.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նախարարությունը ամբողջովին հասցնում է լուծել իր առջև դրված խնդիրները` չնայած, որ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով:

«Չեմ թաքցնի, իրոք գերլարված ռեժիմով ենք աշխատում, բայց մեր առջև դրված խնդիրները ամբողջովին իրագործում ենք: Մենք աշխատում ենք, որոշ մարդիկ էլ այդ ֆոնին զբաղվում են ինքնագովազդով, փորձելով մեր աշխատանքը վերագրել իրենց: Բայց դա իրենց խնդիրն է, իսկ մեր նպատակը` խնդիրներ լուծելն է»,- բանաձևեց նախարարը:

Նախարարի ասածների ճշմարտացիության մեջ մենք հավաստիացանք` այցելելով ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտի շինհրապարակներ, այլև Արցախի տարբեր համայնքներ, որտեղ նույնպես լայն թափով շինարարություն էր ընթանում:

Համայնքների բնակիչները քաջածանոթ էին նախարարին միանգամից մոտենում ողջունում էին, ինչ որ հարցերով դիմում. «Երևում է հաճախ է ձեզ մոտ հյուր լինում նախարարը»,- հարցրեցինք Աստղաշենցի Վանիկին. «Բա ոնց, մեր ստառշի հնգերնա»,- անկեղծացավ նա:

Այն ինչ տեսանք Արցախի գյուղաբնակ համայնքներում հաճելիորեն զարմացրեց և հուսադրեց մեզ` ամենուրենք լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում, ուրվագծվում ապագայի հետ կապված նոր ծրագրեր:

Ի դեպ, շինաշխատանքներին լայն մասնակցություն են ցուցաբերում նաև հայաստանյան շինկազմակերպություններ և անհատ շինարարներ: Մեր բոլոր փորձերը շինարարներից գեթ մեկ դժգոհություն որսալ պսակվեցին անհաջողությամբ: Ի զարմանս ինձ (որովհետև աշխատանքի բերումով սովոր ենք հիմնականում լսել աշխատակիցների բողոքները գործատուներից), պարզվեց, որ շինարարները գոհ էին ԱՀ կառավարության հետ աշխատանքից` վարձավճարը համապատասխանում է շուկայականին, աշխատավարձերը վճարվում  են, ինչպես ձևակերպեց շինարարներից մեկը, գերմանական ճշտապահությամբ:

Բայց այդ մասին ավելի մանրամասն մեր հաջորդ ռեպորտաժներում...

  • Կիսվել: