շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինը. Սարգսյան

Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինը. Սարգսյան

Գրեթե ամեն շաբաթ գալիս եմ «Եռաբլուր», բոլոր հիշատակի օրերին եկել եմ, եւ այդ օրերին որեւէ շիրիմի մոտենալուց հետո պարտադիր գալիս եմ եղբորս մոտ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ մարդիկ հարցադրում են անում, թե ինչպե՞ս կարող է Սպարապետի եղբայրը կանգնել այս իշխանության կողքին, ինչ խղճով է այստեղ գալիս, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Կոտրված սրտով եմ գալիս։ Գուցե, մարդիկ իրավունք ունեն ինձ մեղադրելու, գուցե իմ մեղքի բաժինն էլ կա: Ում կողքին կանգնելը չեմ ընդունում, որովհետեւ ես որևէ մեկի կողքին չեմ կանգնում։ Ես կանգնում եմ Հայաստանի  պետության և պետականության կողքին։ Իսկ դա պահանջում է, որ Հայաստանի ներսից չլինեն խժդժություններ, որովհետեւ այդ խժդժությունների արդյունքում 1993-1994 թվականներին Ադրբեջանը կորցրեց իր 7 շրջանները: Իսկ ովքե՞ր են ուզում այդ խժդժությունները եւ ինչ տարբերակներ են օգտագործում դրա համար: Այդ ամեն ինչը ես տեսել եմ»:

Ինչ վերաբերում է Սպարապետի մասին իրեն մեղադրողներին, Արամ Սարգսյանն ասաց. «Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը ու սպանում նրա հոգին այս երկրում, երբ երկիրը թալանվում էր, բաժանվում էր Հրանտ Բագրատյանի ասելով 40 օլիգարխի մեջ, մեկ ուրիշի ասելով՝ 100 օլիգարխի մեջ: Երբ որոշ մարդկանց ասելով 4 միլիարդ էին գողանում: Թող ասեն՝ իրենք ինչ էին անում:

Եթե այդ մարդիկ իմ կողքին են եղել ու ինձ մեղադրում են, ուրեմն մեղադրելու տեղ ունեն, իսկ եթե իմ կողքին չեն եղել, ես իմ ուժերի չափով պայքարել եմ, անցել եմ ամեն ինչի միջով, կորցրել եմ այն ժամանակը, որ պետք է ապրեի ընտանիքիս հետ, երեխաներիս հետ, ես չհասկացա՝ երեխեքս երբ մեծացան: Սեփականություն, ունեցվածք, ամեն ինչ մի կողմ դրվեց, փոքր եղբայրս դատապարտվեց: Չգիտեմ, ես որեւէ բան չեմ արել պաշտոնի համար, չեմ ձգտել պաշտոնի»:

  • Կիսվել: