Պետք է կաթողիկոսը հեռանա վեհարանից շատ սիրով և մեծահոգաբար. Լիլիթ Մինասյան
«Հակաեկեղեցական» արտահայտությունը ընդհանրապես տեղին չէ. սա ընդամենը դեմ է եկեղեցու այն ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ ուխտը դրժել են և ուխտը դրժելու առիթով նրանք չեն կարող եկեղեցում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
«Այստեղ հարցը հետևյալն է, արդյոք այդ մարդիկ այնքան բարեվարքություն կունենան, որպեսզի առանց որևիցե մեծ խժդժությունների թողնեն վեհարանը և իրենք իրենց հավատքին անսալով ավելի մաքուր և ավելի բարեվարք կաթողիկոս ընտրեն»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը այս արշավը կապում է Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ եւ նշում, որ Փաշինյանն ու Ալիևը նույն թիրախին են հարվածում, Լիլիթ Մինասյանն ասաց. «Եթե Հայաստանում մենք այսօր խոսենք բենզինի գների աճից, մեր ընդդիմությունը կարող է ենթադրել, որ SOCAR գների հետ կապված Ադրբեջանը եսիմ ինչ արեց, դրա համար Հայաստանում սկսեցին խոսել բենզինի գներից։ Մենք խոսենք օդի աղտոտվածությունից, մեր հարգելի ընդդիմությունը կկարողանա կմոգոնել մի թեզ, որ չգիտեմ, Ադրբեջանից եկող քամիները խանգարում են։ Մենք ներքաղաքական ներքին թեմա քննարկելու իրավասություն չունենք, ըստ իրենց, որովհետև ամեն ինչը նրանց ուղեծրում պտտվում է հակաադրբեջանական, հակաթուրքական մտքերի ներքո։ Հարգելի գործընկերներ, եկեք քննարկենք իրողությունները, որոնք չեք հերքում, հերքեք գոնե այն իրողությունները, որոնց մասին խոսել ենք։ Օրինակ, վարչապետը խոսում էր որոշ եկեղեցիների բարեկարգելու, մաքրելու անհրաժեշտության մասին։ Արդյո՞ք կան եկեղեցիներ, որոնք ունեն բարեկարգման խնդիր, մաքրության խնդիր ունեն, արդյո՞ք կան եկեղեցիներ, որոնց դիմաց եկեղեցականները վաճառք են անում, որը շատ հավատացյալների զայրույթն է առաջացնում։ Այդ խնդիրները առկա՞ են, թե՞ ոչ։
Կա կուսակրոնության խախտում, հարց է հնչեցվել։ Եկեք այդ խնդիրներից խոսենք, հետո նոր դարձրեք այդ հարցը աշխարհաքաղաքական քննարկման հարց»։
Խոսելով այն մասին, որ ըստ հարցումների եկեղեցին ունի ամենաբարձր վարկանիշը, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Հարցը հնչեցվել է այսպես. ձեր կրոնական դավանության հաստատության վստահո՞ւմ եք, թե՞ ոչ։ Եկեղեցին մենք էլ ենք վստահում, հարգում, սիրում, պաշտում և հավատում։ Ինչ վերաբերում է եկեղեցականներին, եթե հարց հնչեցվի քաղաքացիների մոտ, դուք վստահո՞ւմ եք Գարեգին Բ-ին, ես չեմ կարծում, որ նույն պատկերը կստանանք։ Հենց եկեղեցու պաշտպանության համար է, որ պետք է Գարեգին Բ-ն հեռանա, որովհետև մենք տեսնում ենք քաղաքացիների մեծամասնության սերն ու հարգանքը նա չի վայելում»։
Հարցին՝ որքանո՞վ Գարեգին Բ–ին հեռացնելու արշավը հաջողությամբ կպսակվի, Լիլիթ Մինասյանն ասաց. «Ես կանխատեսումներ չեմ անի, ես կարող եմ ասել, որ քանի դեռ հստակ պատասխան չի հնչել այդ հարցին, ճիշտ կլինի և պետք է, որ կաթողիկոսը հեռանա վեհարանից շատ սիրով և մեծահոգաբար և իր տեղը զիջի ավելի բարեվարք կաթողիկոսի, որի շուրջ նաև կհամախմբվի ամբողջ հավատավոր հոտը»։